
Շատերին թվում է, թե հաղորդավար լինելու համար ընդամենը գեղեցիկ ձայն ու համարժեք արտաքին ունենալը բավարար է: Անկեղծ ասած՝ հետևելով մեր հեռուստահաղորդումներին, հասկանում եմ, որ ժամանակին այդպես են մտածել նաև մեր բազմաթիվ գեղեցկադեմ հաղորդավարուհիներին աշխատանքի ընդունած պրոդյուսերները: Դե իհարկե, սուֆլյորն աշխատում է, խմբագիրները տեքստերը գրում են, մնում է լինի մեկը, ով կկարողանա այդ ամենը գեղեցիկ մատուցել հեռուստադիտողին: Բայց ահա երբ գործը հասնում է ուղիղ եթերին, ամեն ինչ իր տեղն է ընկնում, որովհետև սա այն ժանրն է, որտեղ հաղորդավարական ձիրքից բացի բանավոր «մտածողություն» ու գրագետ արտահայտվել է պահանջվում: Ահա այստեղ էլ բացահայտվում են այն հաղորդավարները, ովքեր ունեն ինտելեկտ, կիրթ խոսք ու հաղորդակցվելու տաղանդ և շնորհ: Ո՞վքեր են հայկական հեռուստաեթերի ամենակիրթ, ամենագրագետ ու ամենապրոֆոսիոնալ հաղորդավարուհիները՝ ծանոթացեք ստորև:
Նազենի Հովհաննսիյան
Այս հաղորդավարուհու ինտելեկտի, արտիստիկության ու հաղորդավարական անգերազանցելի տաղանդի մասին շատ է խոսվել, այդ իսկ պատճառով երկար չենք վերլուծի նրա հաղորդավարական կերպարը: Պարզապես մի բան՝ Նազենիի օրինակը ապացուցում է, որ աշխատասիրությունը, ինքնակրթվելու անհագուրդ ձգտումն ու ինքնաշտկումը միակ ճանապարհն է դեպի պրոֆեսիոնալիզմ:
Աննա Ավանեսյան
Հայ հեռուստադիտողի համար Աննան այն եզակի հաղորդավարուհիներից է, ում կերպարը ասոցացվում է «կանացիություն» ու «բարեկիրթ» հասկացությունների հետ: Աննային հայ հեռուստադիտողը առավելապես սիրեց «Սպասիր ինձ» հաղորդման շրջանակներում, որտեղ Աննան հուզիչ ու շատ կիրթ հարցազրույցներ էր վարում հյուրերի հետ:
Լուսինե Բադալյան
Լուսինեի գեղեցիկ ու գրագետ խոսքի հետ մենք սկզբում ծանոթացանք ռադիոյից, իսկ հետո նաև հեռուստատեսությամբ: Լուսինեն կիրթ է, ունի խորհրդածելու հրաշալի ունակություն, ինչն էլ ունկնդրի համար նրա ուղիղ եթերը դարձնում է հաճելի ու արդյունավետ ժամանց: Լուսինեն նաև շատ համարձակ է իր մտքերն արտահայտելու մեջ, հանգամանք, որը մի քանի անգամ ավելին է դարձնում նրան սիրողների բանակը:
Հրաչուհի Ութմազյան
Հրաչուհին այն հաղորդավարուհիներից է, ով իր կերպարի հետ երբեք չի վախենում փորձարկումներ անել: Նա ժանրային առումով տարատեսակ շատ հեռուստանախագծեր է վարել, սակայն «Սպիտակ անկյունը» միակն էր, որտեղ Հրաչուհին բացահայտվեց որպես խորհրդածող ու խորը հոգևոր ներաշխարհ ունեցող անհատականություն:
Գոհար Գասպարյան
Գոհար Գասպարյանին մենք միշտ տեսնում ենք ժամանցային, աշխույժ ֆորմատներում, որտեղ հաղորդավարուհու կարևոր բաղադրիչներն են լայն ու գեղեցիկ ժպիտը և անկաշկանդ պահվածքը տեսախցիկի առաջ: Բայց որքան հաճելի է, երբ այդ ամենը նաև համեմված է լինում հաղորդավարուհու կիրթ, գրագետ խոսքով: