Քաղաքական  մեկնաբան

Բնական եմ համարում, որ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ անդրադարձ են կատարում անվտանգության հետ կապված հարցերին, մասնավորապես բանակին: Սակայն կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը տիրապետում բանակում բարեփոխումների ու առհասարակ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությանը, կարևորագույն «մեխերին» ու հնարավոր ռիսկերին: Բանակի հետ կապված առանցքային կետերից մեկը, որում հիմնական թեկնածուների մոտեցումները տարբերվում են, պայմանագրային ծառայության անցնելու հարցն է: Օրինակ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով կարծես թե ամենից շատն է առիթ ունեցել բանակի խնդիրներին տիրապետելու համար, երեկ հայտարարել է, որ «չի ծրագրում ամբողջությամբ անցնել պայմանագրային զինվորական ծառայության»: Կարծում եմ, որ ներկա իրավիճակում ամբողջությամբ պայմանագրային ծառայության անցումն իր մեջ ոչ միայն մեծ թվով խնդիրներ է ենթադրում, այլև ռիսկեր: Թեման բավականին ծավալուն է, ու դա հաշվի առնելով՝ միայն մեկ հարցադրում կանեմ՝ ինչպե՞ս են թեկնածուները պատկերացնում անհրաժեշտ չափի պայմանագրայինների հավաքագրման գործընթացը (նույնիսկ 200 հազար դրամ աշխատավարձի պայմաններում), ի՞նչ գումարների հաշվին ու ի՞նչ մեխանիզմով:
Հ.Գ. Արդյո՞ք ավելի քան 2-3 տասնյակ հազարի մարդ ցանկություն ունի տարիներ շարունակ ապրել զինվորականի կյանքով (այստեղ միայն աշխատավարձի կամ ստեղծված պայմանների հարցը չէ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել