Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ նշում է, որ 2016թ․-ի օգոստոսի 21-ին հրավիրում է հանրահավաք Գյումրի քաղաքում՝ համազգային-համաժողովրդական պայքարի տարածքն ընդլայնելու նպատակով։ Հայտարարության մեջ նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ, այսօրվանից ես՝ Անի Զախարյանս, ժամանակավորապես վայր եմ դնում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության դրոշը որպես Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ և շարունակում եմ քաղաքական գործունեությունս ծավալել համազգային համաժողովրդական պայքարի միասնության մեջ և կուսակցական դրոշը կբարձրացնեմ միայն այն ժամանակ, երբ երկրում ձևավորված կլինի այնպիսի իրավական միջավայր և երաշխիքներ, որտեղ հնարավոր կլինեն իրականացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ։ Պայքարիս տրամաբանության մեջ ուզում եմ առանձնացնել 3 հիմնական կետ․

1․ Սասնա ծռեր խմբի զինված գործողությունը առաջին օրվանից չեմ համարել և երբեք էլ չեմ համարելու ահաբեկչություն, այլ անվանում եմ օտար պետությունների կողմից արդեն 1/4 դար Հայաստանում ձևավորած բռնապետությունից ազատագրվելուն ուղղված ազգային ազատագրական պայքարի համազարկ։

2․Պատրաստ եմ համագործակցել միայն այն քաղաքական ուժերի հետ, ովքեր իշխանություն բառով կոչում են միմիայն ժողովրդին և պատրաստ են պահանջել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Սերժ Սարգսյանի ողջ վարչախմբի հրաժարականը՝ ԱԺ-ի 131 պատգամավորներ և կառավարություն իր բոլոր նախարարություններով։

3․ Քանի որ առայժմ չեմ մտնում Սասնա ծռերի անունից հանդես եկող համակարգող խմբի մեջ, ինքս եմ որոշում պայքարի ուղին ինչ տրամաբանությամբ առաջ տանել, սակայն նաև հրապարակային առաջարկի դեպքում պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Սասնա ծռերի կատարած գործողությունների և դրան հետևող քաղաքական լուրջ գործընթացների նկատմամբ որպես կոլեգիալ քաղաքական մարմնի համահավասար իրավական սուբյեկտ։

4․Իմ կատարած բոլոր քաղաքական գործողությունների հիմքում դրված է լինելու նոր քաղաքական մշակույթի ձևավորման հրամայականը և ինքնիշխան պետականության ձևավորումը։

Եվ հայտարարում եմ այն մասին, որ 2016թ․-ի օգոստոսի 21-ին հրավիրում եմ հանրահավաք Գյումրի քաղաքում համազգային-համաժողովրդական պայքարի տարածքն ընդլայնելու նպատակով։

Կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց անկախ կուսակցական պատկանելիությունից լծվել բռնապետությունից երկիրն ազատագրելու գործին։ Ազատագրական պայքարի համազարկը տրված է Սասնա ծռեր խմբի տղաների կողմից»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել