Ադրբեջանում բռնապետական և «ժառանգական իշխանության» համակարգը կսահմանադրականացվի: Այս բնորոշումը ներադրբեջանական է և, կարծում եմ, դիպուկ:
Բանն այն է, որ Բաքվում որոշել են հետ չմնալ Հայաստանից և Վրաստանից ու անցկացնել սահմանադրական փոփոխություններ, բայց եթե առաջին 2 դեպքերում դրանք առաջին հերթին միտված են ժողովրդավարության և պետականության ամրապանդմանը, ապա Ադրբեջանում կրում է հակառակ բնույթը: Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանում կանցկացվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. արդեն իսկ ներկայացվել է փոփոխության ենթակա հոդվածները և նոր տարբերակները: Այսպիսով, եթե փորձենք առանձնացնել հիմնական և սահամանդրական փոփոխության դրդապատճառ հանդիսացող հանգամանքները, ապա կարող ենք նշել հետևյալ հոդվածների փոփոխությունները.
1. Վերացվում է հանրապետության նախագահ դառնալու համար առնվազն 35 տարեկան լինելու դրույթը, և նոր փոփոխությամբ որևէ հստակեցում չկա տարիքային սահմանափակման վերաբերյալ:
2. Պետական կառավարման համակարգում կստեղծվի նոր պաշտոն՝ երկրի փոխնագահի պաշտոնը, որի լիազորությունները և պարտականություններն առայժմ անհայտն են, և ծնում են մի շարք հարցեր:
3. Երկրի նախագահի պաշտոնավարման ժամկետը 5 տարուց կդառնա 7 տարի:
4. Հանրապետության նախագահին կտրվի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություն:
Ադրբեջանական գիտակից հանրությունը շատ լավ հասկանում է, որ այս քայլերը ուղղված են «օրինականացնելու» հորից որդի նախագահ դառնալու ավանդույթը, ինչի մասին ուղղակիորեն փաստում է Իլհամ Ալիևի որդու առկայության և նրա տարիքի հանգամանքը: