Մարդու մասին կարծիք են կազմում` ելնելով  նրա պահվածքից և վարքագծից: Մեր հանճարեղ անձինք էլ երբեմն-երբեմն հայտնվել են անսպասելի դրության մեջ, իսկ թե ինչպես են իրենց դրսևորել, պարզենք ստորև: Մի քանի իրավիճակ մեծերի կյանքից:

 Գուրգեն Մահարի 

- Ոչ ոքի չեմ ասել: Գիշերները, երբ  քաղաքն ամայի է լինում, գալիս եմ կանգնում Կառավարական շենքի առջև ու հիանում, և պատահում է, որ չեմ դիմանում, արցունքները խեղդում են կոկորդս: Պատկերացնո՞ւմ  ես. մի այդպիսի գիշեր, ինձ մի միլիցիոներ մոտեցավ, թե արտասահմանից առաքված լրտես չե՞մ արդյոք, հարցրեց, թե ինչո՞ւ եմ մեն-մենակ կանգնած այստեղ: Միլիցիոներն առաջարկեց իր հետ քաղմաս գնալ` պարզելու, թե ով եմ: Ասացի, որ Մահարին եմ, բայց  նա ժպտաց և ասաց, թե իրեն այնքան էլ  հեշտ չէ մոլորեցնելը: Դպրոցում իրենց հայոց լեզվի ուսուցիչն ասել է, որ Մահարին Բաղդադում ապրող բանաստեղծ  էր և մեռել է դարեր առաջ: Քաղմասի հերթապահ միլիցիոները` աստիճանով ավելի բարձր պաշտոնյա, լսեց ինձ բերողի զեկույցը և միաժամանակ նրա հեգնական հայտարարությունը, թե ես իրեն ճանապարհին հավաստիացրել եմ, որ Բաղդադում դարեր առաջ ապրած ու մեռած Մահարին եմ:

- Դուք  Գուրգեն Մահարի՞ն եք:

Ես ձեռքս տարա գրպանս` անձնագիրս հանելու համար:

Ասաց, թե դրա կարիքը չկա, ինքը կարդացել է իմ երկերը:

- Շատ գիրք չունեմ, մի հարյուր գիրք, որ հորիցս մնացած միակ ժառանգությունն է: Նրանց մեջ է և «Մրգահասը»: Կարդացել եմ երկու անգամ: Ներեցեք թյուրիմացության համար, բայց ուրախ եմ, որ այդ թյուրիմացության շնորհիվ ծանոթացա Ձեզ հետ:

 


Երվանդ Քոչար 

Ապրելու տեղ չուներ: Կնոջ ու երեխաների հետ բնակվում էր արվեստանոցում: Ընկերները համոզում էին, որ դիմի Քաղխորհուրդ: Ի վերջո դիմեց: Նախագահը դիմումի վրա մակագրել էր, թե ունեցած տարածքն ըստ շնչի համապատասխանում է գոյություն ունեցող նորմաներին: Ուրեմն` մերժել: Դառնացած էր: Այդ ժամանակ էլ  որոշվել էր մայրաքաղաքում կանգնեցնել մեր ժողովրդական էպոսի հերոսի արձանը և, բնական է, որ Քոչարին պետք է առաջարկվեր գործը: Այդ հարցով Քաղխորհրդի նախագահը եկել էր Քոչարի արվեստանոց:

- Տիկին,- դառնում է նա Քոչարի կնոջը,- սա ձեր բնակարա՞նն է, թե՞ Քոչարի արվեստանոցը:

- Ե՛վ մեկը, և՛ մյուսը:

- Իսկ ինչո՞ւ չեք դիմում…

- Դիմել ենք:

Եվ ասում է` ինչ է մակագրվել դիմումի վրա:

- Վաղը կամ մյուս օրը իմ անունով գրված մի դիմում բերեք:

Կարճ ժամանակ անց Քոչարի ընկերները շնորհավորում էին նրան նոր բնակարան ստանալու առիթով:

 Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել