Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի ամուսնալուծության մասին esyes.am-ն արդեն պատմել է: Ամռանը Սուրենը պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ, նրա ընտրյալը մասնագիտությամբ հոգեբան Աննան է:
Սուրենը esyes.am-ին պատմեց, որ ինքն ու սիրելին Facebook-ով են ծանոթացել: «Մոտ մեկ տարի է, ինչ միասին ենք: Շատ ծիծաղելի է, Facebook-ով ենք ծանոթացել: Հետո արդեն Երևան էի գալիս-գնում (այդ շրջանում Սուրենը Հայաստանում չէր ապրում,-հեղ.): Հիմա հատուկ իր համար եմ եկել Երևան` այստեղ մնալու նպատակով»,- պատմեց ռեժիսորն ու հավելեց, որ առաջիկայում գործունեությունը Հայաստանում է ծավալելու:

Սուրենի հետ խոսեցինք նաև իր և սիրելիի տարիքային տարբերության և իր` նախկինում ամուսնացած լինելու մասին: «Ինձ կոնկրետ ոչինչ չի խանգարում: Կարծում եմ` տարիքն էական չէ: Կան շատ մարդիկ, ովքեր տարիքով նույնիսկ մեծ են ինձնից, բայց 16 տարեկանի ուղեղ չունեն: Չնայած շատերի մոտ բացասական վերաբերմունք կա` ո՛չ ինձ, ո՛չ Աննային դա չի խանգարում», - ասաց ռեժիսորն ու հավելեց, որ Աննայի ծնողների համար ևս դա խոչընդոտ չի եղել: Ինչ վերաբերում է իր` նախկինում ամուսնացած լինելուն, Սուրենը հետևյալն ասաց. «Բնական է, ներքին խոսակցություններ եղած կլինեն: Սակայն եթե նույնիսկ ինչ-որ բան եղել է, իրենք այնքան լուրջ, կրթված մարդիկ են, որ դա ցույց չեն տվել: Ես դա չեմ զգացել, ինչի համար, անկեղծ ասած, շատ ուրախ ու շնորհակալ եմ, որովհետև կարող էր լինել բացասական վերաբերմունք, ես իրենց չէի կարող մեղադրել»:

Սուրենի փոքր երեխաները զույգ են` տղա և աղջիկ: Նրանք դեռ 5 տարեկան են և, հազիվ թե, հասկանան, որ հայրն ամուսնանում է, իսկ ավագ դուստրը, ով արդեն 13 տարեկան է, նորմալ է ընդունել հոր երկրորդ ամուսնությունը. «Ես իր հետ խոսել եմ, հաճախ շփվում ենք: Չնայած դեռ 13 տարեկան է, բավականին խելացի է և նորմալ է վերաբերվում այդ փաստին»:




