Բայց ամեն դեպքում, կան հարցեր, որ կատարվածի հանգուցալուծումից անկախ, կարծում եմ, կպահպանեն իրենց ակտուալությունը:
Նախ, տեղի ունեցածը «ջրում» է այն պնդումները, թե՝ «Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելը նրա նկատմամբ քաղաքական հալածանք է» կամ թե՝ «նրան ներկայացված մեղադրանքները շինծու են» և էլի նման բաներ: Հուլիսի 17-ի լուսադեմին ոստիկանական ստորաբաժանման վրա զինված հարձակում իրագործած նրա կողմնակիցները դեռ քննության ավարտից ու անդամ դատավարությունից առաջ ապացուցեցին առնվազն այն, որ իրենց առաջնորդին ներկայացված մեղադրանքները որոշակի հիմքեր ունեն:
Երկրորդ՝ մարդկայնորեն ինձ համար էլ խիստ ցավալի է, որ ոստիկանական ստորաբաժանման շենքի վրա գրոհած «սեֆիլյանականների» շարքում առաջիններից մեկը Արցախի ազատամարտի կենդանի լեգենդներից մեկը համարվող ու իրավամբ համարվող, կյանքով ներդրում ունեցած ու վաստակով մարդ՝ Ապարանցի Պավլիկն է՝ Պավել Մանուկյանը: Դա և մեր՝ որպես հասարակության, և պետական կառույցների, և թե իր՝ պատերազմի հերոս Պավել Մանուկյանի ողբերգությունն է: Սարսափելի ծանր բան…
Բայց մյուս կողմից, առավել հստակ առաջինը հենց նման մարդիկ պետք է ընկալեին, որ իրենց նման գործողությունը, կոնկրետ հենց հիմա ամենաքիչը ներսից թուլացնում է Հայաստանը, դարձնում որոշ չափով ավելի խոցելի՝ արտաքին ճնշումների դիմաց: Հարցը այն չէ, թե ով հատկապես ոնց է վերաբերվում տվյալ պահի իշխանություններին, ատո՞ւմ է, անտարբե՞ր է, նեղացա՞ծ է, թե՞ պարզապես դժգոհ: Հարցը հենց պետությունն է: Եվ ինչը ոնց էլ «պտտեցվի», այսօր կատարված արկածախնդիր հարձակումը առաջինը ու ավելի շատ պետությանն է հարվածում: Ու ով ինչ էլ ասի, մանավանդ նման խառնակ ընդհանուր կացության մեջ, նման քայլը համարժեք է դավաճանության:
Կա և այլ հարց. արդյոք որևէ վաստակ որևէ մարդու իրավունք է վերապահում հարվածել պետությանը (իշխանություններին չէ, այլ հենց պետությանը): Կարծում եմ՝ ոչ: Անգամ եթե այդ անհատը տվյալ պետությունը հիմնադրելու նվիրյալներից մեկը լինի:
Ի դեպ, պետության, ավելի ճիշտ՝ պետական մարմինների, կոնկրետ՝ իրավապահ մարմինների մասին: Հետաքրքիրն այն է, որ իրավիճակում, երբ Ժիրայր Սեֆիլյանին նկատմամբ նման արարք նախատեսելու կամ նախապատրաստելու կասկածանքներ կային և այդ հիմքով է նաև նրա դեմ քրեական հետապնդում կիրառվել, նրա մի խումբ կողմնակիցներ ծրագրել են, նախապատրաստվել և իրականացրել նման գործողություն: Իսկ իրավապահ մարմինները դրա մասին իմացան պոստ ֆակտում, այսինքն՝ երբ բանը բանից անցել էր:
Եվ էլի. ակնհայտից էլ ակնհայտ է, որ ինչքան էլ «Ազատությունն» իրեն մեջտեղից կոտորի, ինչքան էլ «բստի» տան՝ իրենք, թե այլ «թունդ» դեմքեր, ինչքան էլ զանազան գործիչներ զբաղված լինեն հարձակում իրականացրած խմբի քարոզչական և տեղեկատվական աջակցությամբ, նրանք չունեն հասարակական աջակցություն: Չունեն: Իրենց «միամիտ» հաշվարկը հասարակության ռեակցիան է եղել: Իսկ ռեակցիա, որպես կազմակերպված կամ թեկուզ ուղղորդված դրսևորում՝ չկա:
Միաժամանակ, օբյեկտիվորեն, չկա և հակառակ մղում, որ ասենք, հասարակության թեկուզ տարբեր խմբեր ինքնաբուխ ելնեն պետական ինստիտուտները ենթադրական այլ հարձակումներից պաշտպանելու:
Այս ամենը, կարծում եմ, իշխանություններին պետք է մղի առնվազն այն հետևությանը, որ առանց էական, խորքային փոփոխությունների, առանց հասարակությունն իրապես համախմբող, երկիրը դեպի կայունացում ու զարգացում տանող գործնական քայլերի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը, մյուս օրը, մեկ այլ «գաղափարական» մեկը կամ մի քանիսը մի ուրիշ նման արկածախնդրության չեն դիմի: Տվյալ դեպքում հարցերից մեկը ոչ թե այն է, որ կարող են գտնվել նման արարքների ընդունակ մարդիկ (նման մարդիկ միշտ էլ կարող են գտնվել), այլ հարցն այն է, որ նրանք կարող են մտածել, որ իրենց նման արարքը հասարակական աջակցություն կստանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել