Ֆեյսբուքում քանիցս հանդիպել եմ այսպիսի երկխոսության.

A – Լավ կլինի հայատառ գրես:

B – (գրում է, իհարկե, լատինատառ) Հա, բայց ինչի՞ ա էդ հարցը էդքան կարևոր քեզ համար: Ի՞նչ հիմնավորում կա, որ պիտի անպայման հայատառ գրվի:

Առաջին անգամ, որ նման հարցադրում ընկավ աչքովս, զարմացա ու անցա առաջ: Բայց հետո սա մի քանի անգամ կրկնվեց այլ տեղեր, այլ մարդկանց հետ: Մի անգամ էլ ես էի ներգրավվել նման խոսակցության մեջ: Ու հիմա չեմ կարողանում չարտահայտել, մեղմ ասած, զարմանքս: Ուրեմն` պարզվում է ընտրության առա՞ջ ենք կանգնած, ու հայատառ գրելու պահանջը ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ կարիք ունի՞: Սա նշանակում է` մի օր ինչ-որ վթարի հետևանքով հանկարծ կորցրել ենք մեր 1600-ամյա հիշողությունը, զարթնել ենք ԲԼԱՆԿ ուղեղով, ու հիմա պիտի որոշենք` ի՞նչ տառեր ընտրել:

Իհարկե, կարող ենք բազում պրակտիկ փաստարկներ առաջ քաշել: Օրինակ՝ դեռ մշակութային ժառանգության հարցը մի կողմ, այն պարզ ու գործնական փաստարկը, որ Չ տառը վաթսուն տարբերակով (c, ch, tch, tsh և այլն. սրանց ավելացրած տեղական տարբերակները, օրինակ` հոլանդահայերը tsj, գերմանահայերը tsch և այլն) խոշտանգելու ու այդպես էլ Ճ-ից տարբերակել չկարողանալու և այդ ամենով զրուցակցիդ էլ տանջելու փոխարեն ավելի հեշտ է գրել Չ ու պրծնել:

Ահա, տեսա՞ք, ես էլ ավտոմատ կերպով սկսեցի փաստարկներ առաջ քաշել: Բայց` ստոպ. ի՞նչ փաստարկներ, ի՞նչ հիմնավորում: Ինչու՞ պետք է հայատառ գրելու այնքան բնական ու աքսիոմատիկ պահանջը հիմնավորման կարիք ունենա: Բանավեճի տարրական տրամաբանություն կա. եթե առաջ ես քաշում տեսակետ, մանավանդ երբ այդ տեսակետդ հակասում է ընդունված տեսակետին կամ համենայն դեպս արտառոց է, ապա դու՛ պիտի հիմնավորես քո տեսակետը, ոչ թե դեմինդ: Դեռ ավելին, մինչև տեսակետդ հիմնավորելը նախ պետք է ցույց տաս, թե ինչու է ընդունված տեսակետը մերժելի:

Հիմա, փառք աստծո, հայկական ստեղնաշարի հետ կապված ոչ մի տեխնիկական դժվարություն չկա: (Միակ արդարացումը, իհարկե, հեռախոսով գրելն է. բայց հիմա, որքան հասկանում եմ, այդ խնդիրն էլ է կամաց-կամաց լուծելի դառնում): Բայց, զարմանալիորեն, մարդիկ երբեմն արդարանում են` դե որ ժամանակ չի լինում, լատինատառով հեշտ է, արագ-արագ գրում եմ: Սա ես ոչ հասկանում եմ, ոչ էլ կմեկնաբանեմ:

Բայց ամենազարմանալին այն է, որ շատերը հայատառ են գրում միայն այն խմբերում, որտեղ լատինատառ գրելը խստիվ արգելվում է (օրինակ` «Մայրենի լեզվի դասեր» հրաշալի խմբում), իսկ մնացած տեղերում գրում են լատինատառ: Սա դրսևորումն է այն տխուր մտայնության, որ մարդն իրեն նորմալ է պահում միայն ԿԱՆՏՌՈԼԻ տակ: Եթե հասկանում ես, որ ծխախոտի տուփը գետնին գցել պետք չէ ոչ թե (կամ ոչ միայն) այն պատճառով, որ կտուգանեն կամ կհանդիմանեն, այլ այն, որ դա շատ վատ բան է, ապա չես գցի ոչ ցերեկը` մարդաշատ վայրում, ոչ էլ գիշերը կամ մի տալդա տեղ: Էլի տարրական կուլտուրայի հարց է:

Բա ի՞նչ ասեմ այն մարդկանց, որոնք հա՛ ճամարտակում են մեր ազգի ունիկալության մասին ու դոշ են ծեծում` Մաշտոց, մշակութային արժեքներ, բան-ման… ու … գրում են լատինատառ:

Ամբողջ սրտով հորդորում եմ. ժողովուրդ ջան, հայոց լեզուն գործածեք միայն հայատառ: Դա հիմնավորման կարիք չունի, քանի որ այնքան բնական է ու աքսիոմատիկ, որքան ձախից աջ գրելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել