Araratnews.am-ը գրում է.
Ամերիկացի հայտնի քաղաքագետ, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին գերմանական Spiegel թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ եթե Ռուսաստանը հարձակվի բալթյան երկրների վրա, ապա Գերմանիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, կներգրավվի հակամարտության մեջ:
Լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կպատերազմի՞, եթե Ռուսաստանը հարձակում գործի բալթյան երկրների դեմ, Բժեզինսկին պատասխանել է. «Ինքնըստինքյան: Դրա համար էլ հենց ստեղծվել է ՆԱՏՕ-ն»:
Գերմանական թերթը հիշեցրել է քաղաքագետին, որ հարցումների համաձայն` գերմանացիների ավելի քան կեսը դեմ է Գերմանիայի բանակի մասնակցությանը, եթե բալթյան երկրներում պատերազմ սկսվի: Բժեզինսկին հակադարձել է, որ գերմանացիների մեծ մասը չի հրաժարվի ԱՄՆ-ի աջակցությունից, եթե հարձակվեն Գերմանիայի վրա:
«Նայեցեք Լիտվային: Փոքր երկիրը հայտարարում է, որ կպաշտպանվի իր բոլոր հնարավորություններով: Վերջակետ: Դա ամոթալի կլինի ձեզ` գերմանացիների համար: Սակայն իրականում ես վստահ եմ, որ գերմանացիներն անհրաժեշտ պահին կփոխեն իրենց կարծիքը և, այնուամենայնիվ, կկռվեն»,- ասել է Բժեզինսկին: