Հայաստանյան մթերային շուկայում լայն տարածում ունեցող «մուգ գույնի հաց»-ը, որն առավել հայտնի է «սև հաց» անվանումով, իրականում չի համապատասխանում «մուգ կամ գորշ հաց»-ի պատրաստման բաղադրությանը: Այս մաս ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց  բիոտեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը: Նա վստահեցրեց, որ հայաստանյան շուկայում իրական «գորշ հաց» գոյություն չունի` հացի գորշությունը խմորին խառնված գունանյութերի արդյունքն է: «Սև ալյուրից գորշ հաց ստանալը շատ դժվար է. մեր շուկայում թխելիս կեսը սպիտակ, կես` սև ալյուր են վերցնում, խառնում իրար և ավելացնում գունանյութեր` վառած շաքար: Այնինչ` այն միայն սև ալյուրից պետք է պատրաստվի, սակայն Հայաստանում իրական «գորշ հաց»-ի պատրաստման տեխնոլոգիա չկա»,- նշեց բիոտեխնոլոգը:

Ըստ նրա` շուկայում վաճառվող այդ հացը իր մեջ պարունակում է ոչ պիտանի նյութեր և կարող է վնասակար լինել ոչ միայն շաքարային դիաբետ ունեցող հիվանդների համար, որոնց խորհուրդ է տրվում օգտագործել բացառապես «մուգ հաց», այլև` բոլոր օգտագործողների:

Հարցին, թե արդյոք Հայաստանում գործում է վերահսկիչ մարմին, ով կարող է պատասխանատվության ենթարկել նման հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, բիոտեխնոլոգը պատասխանեց. «Ոչ: Օրենքի երկիր չէ, որ նման մարմինն էլ վերահսկի»: Նա իր խոսքում նաև նշեց, որ իրենք դիմել են «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանին` առաջարկելով ստեղծել մի կառույց, որին կարող են դիմել բոլոր այն սպառողները, ովքեր վնասաներ են կրել շուկայում վաճառվող մթերքներից:
Ըստ Ա. Սելիմյանի` Հայաստանում դեռևս զարգացած չէ փոխհատուցում պահանջելու մշակույթը. սպառողները չեն համարձակվում դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի վերջիններս պատասխանատվության ենթարկեն տվյալ արտադրողին: Ուստի` նա միակ ելքը համարում է նման կառույցի ստեղծումը, որը մոտ ապագայում, դժվար թե, իրականանա:

Ա. Սելիմյանը իր խոսքում նշեց, որ իրենք իրենց խնդիրն են համարում սպառողներին իրազեկել տարբեր միջոցներով, սակայն դժվարությունների առաջ են կանգնում, օրինակ` ստիպված են լինում վճարել եթերի համար:
Խնդրի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց նաև «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի հետ:
Վերջինս իր խոսքում նշեց, որ փորձաքննություններ պետք է անցկացվեն, որոնց արդյունքում էլ պարզ կլինի շուկայում վաճառվող «գորշ հաց»-ի իրական բաղադրությունը: «Այս պահի դրությամբ մենք որոշակի ինֆորմացիա չունենք»,- նշեց Ա. Պողոսյանը: 
Նա նաև հավելեց, որ իրենց կազմակերպությունը և մյուս բոլոր ՀԿ-ները որևէ իրավասություն չունեն «գորշ հաց»-ի արտադրությամբ զբաղվող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու. իրենց խնդիրը միայն այդ ամենը հրապարակային դարձնելն է: Իսկ նշված խնդրի լուծումը «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» իրավասությունների մեջ է մտնում: Նա նաև նշեց, որ իրենք նշված կառույցին դիմել են այս խնդրով և դեռևս սպասողական վիճակում են գտնվում:
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»-ից էլ մեզ տեղեկացրին, որ շուկայում վաճառվող «գորշ հաց»-ի 90%-ը կեղծված է. բացառապես սև ալյուրից պատրաստված սև հաց հայաստանյան շուկայում չկա: «Մինչև այս տարվա ավարտը նախատեսվում է խնդրի շուրջ հետազոտություններ անցկացնել, և ստացված արդյունքներից ելնելով էլ այդ ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության: Սակայն ներկայում այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն տարվում»,- նշեցին «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն»-ից:


Հեղինակ` Նուարա Ամիրջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել