seqs1Araratnews.am-ը գրում է.

Ամառային արձակուրդի ոչ պաշտոնական մեկնարկը տրված է: Այս օրերին քաղաքացիների մեծ մասը մեկնում է տարբեր երկրներ անցկացնելու իրենց ամառային արձակուրդը: Զբոսաշրջիկներ ժամանում են նաեւ Հայաստան:  Տարվա այս եղանակին հատկապես խիստ կարեւոր է հետեւել հիգիենային եւ, որ ամենակարեւորն է, խուսափել պատահական սեռական հարաբերություններից:

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում… պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես, սեռավարակներով:

Araratnews.am-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ այս ամենի  հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը:

«Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետևանքով: Հանգստյան վայրերում ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերության մեջ»,- ասաց Շահրամանյանը: Նրա խոսքով` վտանգավոր են նաեւ դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք:

Պատկերն ավելի է բարդանում ամառային հանգստի ժամանակ, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները հանգստավայրերում, մասնավորապես, լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն:

«Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն, և միշտ չէ, որ լողավազանները մաքրվում են: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռք բերում:

Պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է առաջին հերթին մարդու սեռական ճիշտ վարքագծով:

Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան խոհեմ, լուրջ սեռական մտածելակերպի մշակումը: Անհատը, ով ունի սեռական ոչ ճիշտ պատկերացում, հետևաբար, վարում է նմանատիպ կենսակերպ»,- նշեց սեքսոպաթոլոգը:

Սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:

Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն:
1. Որքան հնարավոր է արագ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու,
2. սեռական օրգանները մշակել հակասեպտիկ և մանրէասպան լուծույթով,

3. անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն:

Եվ ամենակարևորը` վարել պաշտպանված և կանոնավոր սեռական կենսակերպ:

Հետևյալ խորհուրդները կօգնեն ինչ-որ չափով նվազեցնելու վարակվելու հավանականությունը:

1.  Սահմանափակե՛ք զուգընկերների թիվը և խուսափե՛ք պատահական կապերից:

2. Ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս օգտվեք պահպանակից՝ մինչև ձեր հարաբերությունների 3 ամիսը լրանալը և սեռավարակների անալիզներ հանձնելը:

3. Մի՛ օգտագործեք պահպանակի ամբողջականությունը խախտող և յուղային հիմքով քսուքներ (վազելին, կոսմետիկ կրեմներ, բուսական յուղեր):

4. Եթե նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցել եք մեկից ավելի զուգընկերներ և պահպանակից չեք օգտվել, ապա  ցանկալի է ստուգվել՝ անցնելով համապատասխան հետազոտություններ:

5.  Սեռավարակների ախտանշանների  պարագայում մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկի:

6.  Վերլուծե՛ք վարակման եղանակը և տեղեկացրեք ձեր հիվանդության մասին բոլոր զուգընկերներին:

Հաճելի, առողջ և անհոգ ամառ բոլորին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել