Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցնցված է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության դաժանությունից և ցինիզմից` հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ցնցում են ձեր երկրի Ազգային տոնի օրը կատարված այդ հանցագործության դաժանությունն ու ցինիզմը: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությանը բացարձակապես խորթ է մարդկային բարոյականությունը: Դրա զոհերն են դառնում անմեղ խաղաղ մարդիկ, այդ թվում` կանայք և երեխաներ»,- ասված է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված Պուտինի ցավակցական ուղերձում:
Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ այդ «սարսափելի չարիքի» դեմ պետք է միավորել ամբողջ քաղաքակիրթ մարդկության ուժերը, հետևողականորեն և անզիջում պայքարել ահաբեկչության բոլոր ձևերի դեմ, ոչնչացնել կամ վնասազերծել գրոհայիններին և նրանց գաղափարական ոգեշնչողներին, որտեղ էլ նրանք թաքնվեն, կանոնավորապես ոչնչացնել ծայրահեղական ընդհատակի ենթակառուցվածքները և խստորեն կանխել դրա ֆինանսավորումը:
«ՌԴ նախագահը հաստատել է, որ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է Ֆրանսիայի և այլ միջազգային գործընկերների հետ սերտ փոխգործակցության հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով»,- տեղեկացնում է Կրեմլի կայքէջը:



