Shamshyan.com–ը գրում է.

Հուլիսի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 18-ամյա Տիգրան Հովհաննիսյանը գյուղամիջյան ճանապարհին իր վարած ВАЗ 2121 մակնիշի 18 ՏԼ 568 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ձախ երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ուռենու ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Հովհաննիսյանը մահացել է, իսկ ուղևորներ, համագյուղացիներ` 16-ամյա Տալվորիկ Հովհաննիսյանը, 17-ամյա Գևորգ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ն դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանն ու հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը, քանի որ եղել է գազի արտահոսք:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիոտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը` քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից մարզի քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի հանձնարարականով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով` մահացած Տ. և վիրավոր Տ. Հովհաննիսյանները եղբայրներ են, իսկ մահացածը մի քանի օր հետո պետք է զորակոչվեր բանակ:

Ծանուցում
. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել