Հարցազրույց հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, Արհեստավարժ Հոգեթերապեվտների լիգայի իրական անդամ և միջտարածաշրջանային դասախոս, ՆԼԾ թրեեյներ, կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ

Պարոն Մադաթյան, հոգեբանական գործոնը բանակում մարտական պատրաստության ոչ պակաս կարևոր բաղադրատարրերից է, հատկապես սթրեսների և ագրեսիայի հաղթահարման գործընթացը, չե՞ք կարծում, որ դրա անտեսումը կարող է հանգեցնել բանակի մարտունակության անկմանը:

-Համոզված եմ, բացառապես կարևոր հանգամանք է դա հատկապես բանակի համար: Բանակը մի համակարգ է, որտեղ հավաքված է մեր հասարակության ամենաէմոցիոնալ, ակտիվ տարիքում գտնվող խավը: Իհարկե այս հանգամանքը բավականին օգտավետ է հայրենիքի պաշտպանության գործընթացում, սակայն պետք է հաշվի առնել նաև, որ այստեղ ձևավորվում են միջանձնային բարդ հարաբերություններ, ինչը նույնպես կարևոր հանգամանք է այս գործընթացում: Կարծում եմ, որ այս հարցի կարևորությունը պետք է նկատել դեռևս սպայական ուսումնական հաստատություններից, քանզի առողջ հոգեբանություն ունեցող սպաները բավականին կարևոր գրավական են զինվորների առողջ հոգեբանության:

-Ներկայումս բանակում հրամանատարի միանձնյա ղեկավարման անհրաժեշտությունը մեծացել է կարծես: Որքանո՞վ է կարևոր ռազմական հոգեբանության մեթոդների իմացությունը հրամանատարի համար:

- Մենք անվերջ խոսում ենք զինվորների և նրանց հոգեբանական վիճակների մասին, սակայն պետք է սկսել սպաներից: Կադրային սպաներն են ստեղծում բանակը, թելադրում որոշակի կանոններ բանակի գոյատևման: Եթե մենք կարողանանք, ի սկզբանե, սպայի մասնագիտությունն ընտրած մարդուն բերել առողջ հոգեբանական դաշտ, ապա նա կթելադրի այդ դաշտը նաև զինվորների շրջանում, ինչը իհարկե կբերի բանակի մարտունակության բարձրացմանը:

-Որո՞նք են խաղաղ և պատերազմական պայմաններին բնորոշ սթրեսորների ազդեցությամբ զինծառայողների ներաշխարհում առաջացող հոգեկան խեղումների կանխման և հոգեվերականգնման ուղիները:

 

-Դրանք ամենատարբեր են: Պատկերացրեք որ ամեն մի զինվոր եկել է իր ընտանիքից, որտեղ դեռևս գտնվում է որոշակիորեն ծնողների խնամակալության տակ, և միանգամից լծվում է հայրենիքի պաշտպանության չափազանց պատասխանատու գործընթացին: Իհարկե սա կարող է բազմապիսի հոգեբանական արտահայտումների բերել, սկսած դեպրեսիվ վիճակներից և վերջացրած սուիցիդալ դեպքերով:

Այս իրավիճակների կանխման բանալին զինվորական հոգեբանի կոչման մեջ է, որի ինստիտուտը այժմ արդեն ներառված է բանակում:

 

-Բանակի հոգեբան…պարզապես զբաղեցված հաստիք, թե՞ անհրաժեշտություն: Որքանո՞վ է արդյունավետ բանակի հոգեբանի աշխատանքն այսօր զորքերում՝ զինծառայության պայմաններին զինծառայողներին հարմարեցնելու, հավանական պատերազմին անձնակազմին հոգեբանորեն նախապատրաստելու,զինծառայության ընթացքում զինվորականի հոգեկան առողջությունը վտանգող սպառնալիքները նվազեցնելու գործում:

-Գաղափարը՝ չքնաղ է: Այո, մանավանդ պատերազմող երկրի բանակում հոգեբանի ներկայությունը կարծես թե պետք է բավականին կայունացներ զինվորի հոգեբանական կերպարը: Ի միջի այլոց ՊՆ-ն ջանքեր չի խնայում, որպեսզի այս ինստիտուտը աշխատի և օգտավետ դառնա մեր բանակի համար, սակայն ավաղ դա չի կարող տեղի ունենալ, քանզի ես չգիտեմ, թե ով և ինչպես է ներմուծել այս գաղափարը մեր բանակ և որ երկրի օրինակն է վերցրած, սակայն գաղափարը ադապտացված չէ ոչ միայն Հայաստանի համար, այլև այս ձևով այն չի աշխատելու նախկին ԽՍՀՄ և ոչ մի երկրում:

 -Ուզում եք ասել, որ այսօր այդ համակարգը չի՞ աշխատում, և ՊՆ-ն ամսական բյուջետային գումարներ է ծախսում առանց արդյունք ստանալու՞:

 

 -Բացառապես ճիշտ եք, եկեք մի րոպե հասկանանք, թե ինչ է նշանակում զինվորական հոգեբան: Ըստ կանոնագրքի, զինվորական հոգեբանը գտնվում է զորամասի հրամանատարի ենթակայության տակ: Եվ ինչպես եք կարծում, զինվորը ով դիմելու է այդ հոգեբանին, լիարժեք համոզվածություն կարո՞ղ է ունենալ իր հետ անցկացված զրույցի գաղտնիության պահպանման գործընթացում: Իհարկե ոչ:

-Անժխտելի է այն փաստը, որ զինծառայողները խուսափում են տեղեկություններ տալ զինվորական առօրյայի, կոլեկտիվում տիրող բարքերի, հարաբերությունների մասին..

 

-Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ հոգեբանի սենյակը սովորաբար զորամասում գտնվում է այնպիսի վայրում, որ զինվորի այցելության փաստն արդեն դառնում է ամբողջ զորամասի իմացության և քննարկման առարկան և փաստերը, որոնք այսօր առկա են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝  սպայական բարձրագույն ուսումնական հաստատությունում, որտեղ մինչ այս հոգեբանությունը երրորդական դեր է խաղում:

Աշխարհի բոլոր երկրներում, երբ մարդն ընտրում է ռազմական կամ ուժային այլ կազմակերպություններում աշխատելու մասնագիտություն, ի սկզբանե նա պարտադիր հոգեբանական քննություն է անցնում և դա շարունակվում է տարին երկու անգամ, եթե այդ ընթացքում, նրա ծառայության ժամանակ ոչ մի արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել: Որևե այլ արտառոց դեպքերի առկայության ժամանակ ծառայողին պարտադրում են կրկնակի անցնել հոգեբանական քննությունը: Այս քննությունների հիման վրա ստեղծվում է անձնական գործ, որը իր հետ արդեն գնում է այն ծառայության վայրը որտեղ նա շարունակելու է իր ծառայությունը:

Մեզ մոտ դիմորդը ի սկզբանե ոչ մի նման քննություն կամ չի անցնում, կամ եթե անցնում է, ապա դա ունենում է բացառապես ֆորմալ բնույթ, ինչի վառ ապացույցն են նույն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում նախկինում տեղի ունեցած ողբերգական երևույթները:

Փորձեմ ավելացնել՝ Առաքելական Եկեղեցու հետ երբ քննարկում էինք այնտեղ տեղի ունեցած ինքնասպանության դեպքերից մեկը, պարզվեց, որ երիտասարդը սատանիստական մոտեցումներ է ունեցել և դա մեկ օրվա պատմություն չուներ:

- Ծառայակիցների մահվան կամ վիրավորվելու դեպքերը, կյանքն ու առողջությունը մեծապես վտանգող իրադրությունները, վերքերը, վնասնածքները, կոնտուզիաները, ճառագայթումները, ինչպե՞ս են ազդում զինծառայողների հոգեկան նկարագրի վրա: Ինչպե՞ս կարելի է նվազեցնել մարտական սթրեսորների բացասական ազդեցությունը, կանխել անձնակազմի հոգեբանական կորուստները, հոգեպես խեղված զինծառայողներին կյանք վերադարձնել:

 

-Վախ: Սա նորմալ գործոն է, որը բնորոշ է բոլորիս: Սահմանը հսկող զինվորին սա նույնպես բնորոշ է: Եվ նման գործոնի ակտիվության դեպքում պետք է դրա հետ պայքարել որքան հնարավոր է արագ: Վախն ունի աճելու հատկություն և սարդոստայնի նման ցանց է հուսում մարդու երևակայության մեջ, բավական է մի փոքր ժամանակ տանք իրեն և սնենք: Տեսեք՝ զինվորը, ով դիրքերում մասնակցել է մարտական որևե մի գործողության, անկախ ամեն հանգամանքներից, գոնե 1 շաբաթ դիրքեր չպետք է բարձրանա: Նրա մարտունակությունը կրճատված է մոտ 60-70 տոկոսով: Խոսքս չի գնում պատերազմական շրջանի մասին: Սակայն նույն այդ զինվորը չպետք է հանգստանա, այլ պետք է ակտիվ ֆիզիզկական ծանրաբեռնվածությամբ օրեր անցկացնի, լիարժեք վերականգնման համար: Սակայն համոզված եմ, որ ոչ մի ռազմական հոգեբան իրավասու չէ նման բան առաջադրել զորամասում:

 

-Ծառայելով ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանապահ ստորաբաժանումներում՝ զինվորը զորացրվելուց հետո դիմում է արդյո՞ք հոգեբանի և եթե այո, ապա սովորաբար ի՞նչ խնդիրներով:

 

-Խնդիրներն ամենատարբեր են: Ինչպես սկզբում ասացի, մեր զինվորներն ամենաէմոցիոնալ տարիքի երիտասարդներ են, ովքեր բոլորն էլ ունեն ինքնակայացման խնդիր: Զորամասերում տեղաբախշման ժամանակ երբևիցե հաշվի չի առնվում նրանց լիդեր հատկանիշները, դոմինանտությունը և հաճախ մի փոքրիկ համակարգում հայտնվում են մի քանի լիդերներ, ովքեր բնական ընտրության ճանապարհով փորձում են կայանալ կամ ոչ: Սա Ձեզ միջանձնային հարաբերությունների մասին, ինչը իհարկե բավականին մեծ մաս է կազմում բանակից զորացրվածների բողոքներում: Մի խոսքով բազմաթիվ հանգամանքներ կան: Ուղղակի մի պահ մտածեք, եթե մարդն ի վիճակի էր անվճար բանակում ստանալ հոգեբանի օգնություն, ինչու՞ է զորացրվելուց հետո դիմում նույն մասնագետի վճարովի ծառայություններին: Եթե նա դիմում է, ուրեմն նրա ինքնագիտակցությունն այս առումով այդքան հասունացած է, կամ ուրեմն ուղղակի չի վստահել: Եթե սրան էլ ավելացնեմ, որ զորացրվածների մեծ մասը քաղաքացիական կյանքում դիմում է հոգեբանի մասնավոր կերպով, ապա կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը:

 

-Եվ ինչ լուծում եք տեսնում ստեղծված այս իրավիճակում, որպեսզի բանակի հոգեբանությունն ու ոգին փոխվի:

-Երբեևիցե  ոչ մի վատ բան չասելով մեր բանակի մարտունակության մասին՝ ես խոսեցի այն բացթողումների մասին, որոնց չլինելու դեպքում մեր բանակը կդառնար ավելի լավը և ավելի հուսալի: Կարծում եմ, որ զինվորական հոգեբանների ինստիտուտին պետք է ավելի կարևորություն տրվի: Ես համոզված եմ, որ բանակաշինության գործընթացում շատ ավելի կարևոր գործոններ են եղել, որի վրա առավել հրատապ է եղել ուշադրություն դարձնելը: Սակայն կարծում եմ, որ հիմա պահն է նաև հոգեբանությանը վերաբերվել ըստ արժանվույն: Վստահ եմ, որ մոտ ապագայում մենք այս դրական միտումները նույնպես կունենանք բանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել