Վերջին շրջանում հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի կասեցման հարցը: Խոսակցությունները հիմանականում գնում էին այն համատեքստում, որ հայտնաբերվել են չարաշահումներ:
Հանրային տիրույթում էլ շրջանառվում էր այն թեզը, որ մարդկանց պետք չէ զրկել հանգստի հնարավորությունից: Ամեն դեպքում, արդեն հայտնի են թե կոնկրետ ինչ չարաշահումների մասին էր խոսքը: Մասնավորապես Վերահսկիչ Պալատն ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի տարբեր զբոսաշրջային համայնքներում` հայտնաբերելով 300 միլիոն դրամի տարբեր խախտումներ:
Ստուգումներ անցկացնելով Ծաղկաձորի 21 հանգստյան տներում ու հյուրանոցներում` հայտնաբերվել է 28 մլն դրամի խախտում, Ջերմուկի 13 հյուրանոցներում հայտնաբերվել է 43 մլն դրամի խախտում, Արզնիում՝ 22 միլիոն դրամի, Արտավազում՝ 10 միլիոն դրամի, Հանքավանում 4 մլն դրամի խախտումներ: Խախտումների ընդհանուր թիվը կազմում է 300 միլիոն դրամ:
Այսինքն այսքան գումար օգտագործվել է ոչ նպատակային: Այժմ անհրաժեշտ է մեխանիզմներ փոխել, վերահսկողությունը մեծացնել, որպեսզի և՛ գումարները անուղղակի ներդրում լինեն տուրիզմի բնագավառում, և՛ մարդկանց հանգստի խնդիրը լուծեն:
Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ այս պահին 2017-ից 2019 թվականների միջնաժամկետ մասով որոշում չկա: Այսինքն 2016 մասով դեռ ոչ մի որոշում չկա, իսկ քննարկումները վերաբերվում են 2017-2019 թվականներին: Քննարկումը հետաձգվել է, որպեսզի անհրաժեշտ լուծումներ առաջարկվեն: Այս ամենը դեռ չի նշանակում, որ հանգստի հնարավորության ալտերնատիվ տարբերակ չի լինելու: