«Ոսկե ծիրանի» բացման օրվանից բոլորը սպասում էին այս տարվա հատուկ հյուրին՝ կինոաստղ Ժակլին Բիսեթին։ Կինոփառատոնի 4-րդ օրը ֆրանսիացի դերասանուհին ժամանեց Հայաստան և ներկա գտնվեց Մոսկվա կինոթատրոնում իր մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։

«Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատյանը նշեց, որ Ժակլին Բիսեթին հրավիրել են, որպեսզի նրան հանձնեն  փառատոնի ամենամեծ՝ Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակը` «Փարաջանովյան թալերը»։  Նա Բիսեթին անվանեց համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

Դերասանուհին էլ նկատեց, որ Հայաստանոում շատ լավ է զգում իրեն։ «Ես ապրում եմ Լոս Անջելեսում, որտեղ հայերը շատ են: Նրանց հետ շատ եմ զրուցել Հայաստանի մասին, բայց մտքովս չէր անցնում, որ մի օր կլինեմ այստեղ: Որոշել եմ այս ընթացքում ինձ համար բացահայտել ձեր երկիրը: Արդեն համոզվել եմ, որ հայերը շատ ջերմ են,  խոհանոցն էլ կուսումնասիրեմ:)»,- ասաց նա։

Բիսեթի մասնակցությամբ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը սկսվեց  ֆրանսիական կինոյի դասական Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմով։ Բիսեթը նկատեց, որ «Ամերիկյան գիշերը» պարունակում է կինեմատոգրաֆի բոլոր տարրերը` կատակերգությունից մինչև ողբերգություն։ «Վստահ եմ, որ դահլիճից հեռանալու եք մեծ տպավորությամբ: Բարի դիտում բոլորիդ»,- եզրափակեց կինոաստղը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները` Նարեկ Բաղիրյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել