ՄԻԱԿ քարտուղար |
Այսօր ընտրական ինտրիգներից մեկը դարձել է այն հարցը, թե որքան մասնակցություն կլինի փետրվարի 18-ին: Ոմանք գտնում են, որ մասնակցությունը կլինի 50 տոկոսի, մի մասը` 55, իսկ ավելի լավատեսները` 60 տոկոս և ավելիի սահմաններում: Ես չեմ կարող մասնակցության կոնկրետ թիվ մատնանշել, բայց վստահ եմ, որ դրա շեմը, այնուամենայնիվ, բարձր կլինի:
Սակայն որքան էլ շատերը խիստ կարևորում են այս հանգամանքը, ես չեմ կարծում, որ դա է լինելու ընտրությունները գնահատելու առարկայական չափանիշներից մեկը: Բոլորին ընտրատեղամասեր «քշելու» կամ ընտրություն պարտադրելու մոտեցումը, որն ապահովում է շատ բարձր ընտրական մասնակցություն, որևէ աղերս չունի դրանց միջազգային չափանիշներին համապատասխանելու հետ: Դեռ ավելին` եթե ընդունենք, որ չմասնակցելը նույնպես քաղաքական դիրքորոշում է կամ անհամաձայնության իրավունքի արտահայտում, ապա այս տեսանկյունից վերոնշյալ գործելակերպը միանշանակ դատապարտելի է: Ինչ խոսք, որ աբսենտեիստների հոծ բանակի առկայությունը որևէ հասարակության մեջ նույնպես խնդիր է, և բազմաթիվ քաղաքակիրթ երկրներ կոնկրետ սանկցիաներ են կիրառում ընտրություններին չմասնակցողների նկատմամբ: Բարեբախտաբար, մենք նման խնդիր դեռևս չունենք և մեր ընտրողը ոչ միայն ազատ է իր քաղաքական կամարտահայտության մեջ, այլև առհասարակ մտահոգվելու հիմնավոր առիթներ չունի: Ասվածը ամենևին չի նշանակում, որ նախագահի թեկնածուները չեն կարող հանդես գալ ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչերով և քարոզչական նյութերով: