Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար, գրականություն մտնող երիտասարդ գրողների ու գրականագետների մշտարթուն ուղեկից Հովհաննես Գրիգորյանը: Մեզ համար անփոխարինելի է նա, և ոչ ոք երբեք չի գա լրացնելու այն բացը, որ մնաց 60-ականների բացառիկ անուններից մեկի վախճանից հետո: Cultural.am կայքը իր վշտակցությունն է հայտնում բանաստեղծի, սիրված մարդու ընտանիքի անդամներին, ընկերներին և ընդհանրապես նրա արվեստի սիրահարներին: «Երբեք չմեռնես». ահա գրիգորյանական ավանդը մեզ: Նա մեր կողքին կմնա միշտ:
Հոգեհանգստի ու թաղման արարողությունների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:
Ես գիտեմ`
կմեռնեմ ձմռան առաջին օրը:
Մարդիկ կթփթփացնեն ձյունոտված ոտները
դռան շեմի փալասին և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում սառած այտերիս վրա:
Հանկարծակի ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
վաղուց սատկած կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո հուսահատ կնստի, կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս, որը ծնվել էր ինձ հետ և մահացել մի քանի ժամ հետո`
թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված ձմեռային ծաղիկներն ու թեքված մոմը,
որի հալված կաթիլներն ուղիղ ճակատիս էին ծորում
և ուր որ է լցվելու էին աչքերս…Եվ հենց այդ պահին
բոլորը միանգամից կելնեն ոտի և աղմուկ-
աղաղակով ինձ դուրս կհանեն տանից
ձեռների վրա բարձր, շատ բարձր բռնած,
և այդ ահռելի բարձունքից կտեսնեմ կյանքս ծայրեծայր,
որ մնացել էր ներքևում` ամբողջովին ձյան մեջ կորած,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
խոսքեր չեմ գտնի հիացմունքս արտահայտելու համար…
Հովհաննես Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: