photo_verybig_19221Araratnews.am-ը գրում է.

Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանից  արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 20,1% աճ, որը կազմել է 656,9 մլն դոլար: Այս ցուցանիշները ներկայացված են Ազգային վիճակագրական ծառայության 2016 թ. հունվար-մայիս ամիսների  ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող զեկույցի մեջ:

Այդ աճին հիմնականում նպաստել է դեպի Ռուսաստան արտահանումը, որն այս տարվա ընթացքում  կրկնակի աճել է և կազմել է 132,3 մլն դոլար: Մյուս կարևոր արտահանման գործընկեր երկրներից (որոնց տեսակարար կշիռը գերազանցում է 5%-ը) է Բուլղարիան, դեպի ուր արտահանումը աճել է 67,3%-ով, դեպի Վրաստան արտահանումն աճել է 50,7%-ով,  դեպի Իրաք` 20,7%-ով: Բացի այդ, 6,4% -ով աճել է արտահանումը դեպի Կանադա  և  5-ական  տոկոսով նաև  դեպի Իրան և Գերմանիա: Մինչդեռ նվազել են դեպի Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Չինաստան արտահանման տեմպերը, ի դեպ, դեպի Չինաստան արտահանումը նվազել է 52%-ով:

Դեպի  ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման տեսակարար կշիռը կազմել է  28,8%, իսկ դեպի  ԱՊՀ երկրներ՝ 22%: Ռուսաստանը  ամենախոշոր արտահանման երկիրն է, որին բաժին է ընկնում ամբողջ արտահանման  20,1%-ը: Երկրորդ խոշոր արտահանման երկիրը Բուլղարիան է՝ 10% մասնաբաժնով, ապա հաջորդում են՝ Գերմանիան` 8,8%, Վրաստանը` 8,7%, Իրաքը` 8,5%, Կանադան` 6,8%,  Իրանը` 5,1% և Չինաստանը` 5% տեսակարար կշիռներով:

Նշենք, որ դեպի ԵՄ երկրներ (Բուլղարիա, Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ) և Չինաստան արտահանվող ապրանքներում գերակշռում են հանքահումքային և մետալուրգիական արտադրանքները, դեպի Իրաք՝ ծխախոտի արտադրանքը, դեպի Ռուսաստան՝ պատրաստի սննդի արտադրատեսակները  և խմիչքեղենը, դեպի Կանադա՝ ոսկին, դեպի ԱՄՆ՝ ալյումինի փայլաթիթեղը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետություն՝ էլեկտրաէներգիան:

Հայաստանից արտահանվող ապրանքների 56,2%-ը արտադրվում է Երևանում, իսկ 18,1%-ը Սյունիքում, որը հիմնականում հանքահումքային արտադրանքներ են:

Ըստ ապրանքային բաժիների` արտահանման 27,8%-ը կազմել է հանքահումքային արտադրանքը, ապա պատրաստի սննդի արտադրանքը, որը կազմել է՝ 21,7%-ը: Դրանց հաջորդում են՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 19,3% և ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը՝ 13%-ը:

Արտահանման աճի մեջ, ըստ ապրանքային բաժինների, հիմնական նպաստը ունեցել է ոչ թե հանքահումքային արտադրանքը, որի արտահանման ծավալները,  ի դեպ, նվազել են 4,1%-ով, այլ պատրաստի սննդի արտադրանքը՝ 38,3% -ով, ինչպես նաև  թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, որն ունեցել է 81,8% աճ: Սակայն անկում է գրանցել ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը՝ 19,8% -ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել