Operativ.am–ը գրում է.
Գիտնականների միջազգային խումբը կարողացել է բացահայտել ամենահանելուկային ու «չարանենգ» մանրէի ԴՆԹ-ն, որը տարածվում է մեծ արագությամբ: Խոսքը լեգեոնելայի մասին է:
Ի դեպ, այս մանրէն մեծ տհաճություններ ու խնդիրներ է առաջացնում թե՛ մարդկանց և թե՛ բժիշկների համար, ու ԴՆԹ-ի գաղտնազերծումն ամենևին չի նվազեցնում դրա ազդեցությունը: Այս մանրէի ներգործությամբ մարդու օրգանիզմում թոքամզի բորբոքում է առաջանում, որն այլ կերպ անվանում են «լեգեոներների հիվանդություն»` լեգեոնելիզմ:
Լեգեոնելա մանրէները տարածված են ողջ աշխարհում, դրանք ինչպես բնական, այնպես էլ արհեստական ջրամբարների ֆլորայի բնական մասն են կազմում:
Օդորակիչ համակարգում դրանց հայտնաբերումը մեծ տհաճություն պատճառեց սարքավորումն արտադրողներին: Իսկ սովորական տաք ջրի մեջ դրանց հայտնաբերումը ՍՊԱ սրահների ջակուզիներում իսկական աղմուկ բարձրացրեց:
Վարակման պատճառ կարող է դառնալ ջրային աերոզոլի ցնցուղի, օդորակիչից տարածվող օդի շիթի, շատրվանների օդը: Չնայած լեգեոնելա մանրէն կարելի է հայտնաբերել խորխի մեջ, մարդուց մարդ վարակի փոխանցման դեպք դեռևս չի արձանագրվել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից յուրաքանչյուր գրասենյակ հագեցած է օդորակիչով, ապա կարելի է պատկերացնել վտանգի չափերը:
Լեգեոնելան ասես «կատաղում» է թույլ իմունիտետի դեպքում, այդ պատճառով էլ ռիսկի խմբում են միջին տարիքի ու տարեց մարդիկ: Բացի այդ, նպաստող գործոններից են ծխելն ու քրոնիկ սթրեսը, ինչը կրկին հիշեցնում է գրասենյակային աշխատավորների կենսակերպը:



