«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը չի կարող պնդել, որ Սյունիքի մարզի հողատարածքներն Իրանին վարձակալության տալու ծրագիրը, որի մասին որոշ մանրամասներ օրեր առաջ հայտնվեց «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության կայքում, ՀՀ-ին միանշանակ վնաս կբերի, բայց շատ ու շատ վտանգներ տեսնում է:
Tert.am-ի հետ զրույցում Հրաչ Բերբերյանն ասաց, որ այն խորը վերլուծության կարիք ունի, և ամենակարևորը՝ դրանով պետք է զբաղվեն անկախ և միջազգային մասնագետները:
«Հաճախ մեկ օր հաճույք ստանալու համար լուրջ վնաս ենք տալիս մեր պետությանը: Ցանկացած միջազգային պայմանագիր պետք է ուսումնասիրվի մասնագետների կողմից, և պետք է մշակվի, թե ինչ վնասներ ու օգուտներ կտա մեզ այդ ծրագիրը: Այդ պայմանագիր կնքողները, հաճախ չլինելով մասնագետներ, այնքան էլ հաջող բանակցություններ չեն վարում: Եվ այո՛, ես այդ պայմանագրում շատ լուրջ վտանգ եմ տեսնում»,- ասաց գյուղատնտեսը, ով, այնուամենայնիվ, հայ-իրանական պայմանագրում ավելի շատ վնասներ է տեսնում:
Հրաչ Բերբերյանի հիմնական մտավախությունն այն է, որ Իրանից եկած կենդանիները անասնաբուժական վերահսկողությունից դուրս չլինեն: Չնայած վստահ է, որ դուրս կլինեն, քանի որ իրանական գլխաքանակը դուրս կլինի պետական ծրագրերով, պետպատվերի շրջանակներում իրականացվող պատվաստումներից:
Նաև Հրաչ Բերբերյանը խիստ կասկածում է, որ հայկական արոտավայրերից օգտվող անասունները հետագայում ևս սահմանի վրա պարտադիր կստուգվեն:
Նշենք, որ ըստ «Էկոլուրի» հրապարակման, դեռևս անցյալ տարվա հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ղեկավարությամբ Իրանի Արևելյան Ադրբեջան (Արևելյան Ատրպատական) նահանգի հետ ստորագրվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ոչխարաբուծության նպատակներով Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալ Իրանի վերոնշյալ նահանգին՝ առնվազն 50 հազ. հա չափով՝ մինչև 10 տարի ժամկետով:
Եվս 2000 հա կտրամադրվի որպես բնակավայր: Այստեղ արածելու են առնվազն 50 հազ. եղջերավորներ:
Հրաչ Բերբերյանը տեղեկացված է, որ վարձակալական ծրագիրը հիմնականում վերաբերում է ոչխարաբուծությանը, ինչը նշանակում է, որ հետագայում դա հանգեցնելու է հողերի էրոզիայի: Եվ, ըստ գյուղատնտեսի, հարց է ՝ մենք հետագայում կվերականգնե՞նք այդ հողերը, թե՝ ոչ:
Tert.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի գլխավոր անասնաբույժ Կամո Սարգսյանը վստահեցրեց, որ անասունների հիվանդությունների վերահսկողությունը պատշաճ ձևով իրականացվելու է: Նրա խոսքով՝ այդ կենդանիները մինչ սահմանն անցնելը կստուգվեն , նոր ներս կթողնվեն, բայց անկախ նրանից, թե իրանցիներն ինչ փաստաթղթեր կներկայացնեն, մեկ է՝ հայկական կողմը պետք է ստուգի։
Նրա տեղեկացմամբ՝ Սյունիքում այս պահին 70 անասնաբույժ կա ՝ չհաշված համաճարակաբանները:
«Ծրագիրն ունի իր դրական և բացասական կողմերը։ Բացասական է այն, որ վարակների և հիվանդությունների ռիսկը կմեծանա: Իսկ դրականն այն է, որ աշխատատեղեր կավելանան, կաթի վերամշակման կետեր են բացվելու, մեր մարզի կաթնամթերքի իրացումն ավելի կհեշտանա, քանի որ իրենք կապահովեն իրացումը: Ես մի անգամ ներկա եմ եղել այդ հավաքին, և նրանք խոստացել են, որ այդ ամենը կլինի, նաև խոստացել են, որ գյուղատնտեսական տեխնիկայով և գործիքներով կաջակցեն մեզ»,- ասաց սյունեցի անասնաբույժը:
Ի պատասխան հարցի, թե Սյունիքի բնակիչներին արոտավայրեր պետք չե՞ն, Կամո Սարգսյանը նշեց, որ միայն Սիսիանի տարածքում 12 հազ հա արոտավայր չի օգտագործվում: «Քանի որ նրանք, ովքեր մեկ-երկու գլուխ անասուն են պահում, չեն կարողանում տանել այդ տարածքներում արածացնել: Մենակ Գորիսի տարածաշրջանում է, որ անասունները տանում են Ջերմուկի սարը։ Ոնց որ պայմանագրեր կան, որ իրենք պիտի այդ հարցերով օգնեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մի շարք բնապահպաններ ևս իրենց մտահոգությունն էին հայտնել այս ծրագրի հնարավոր գործարկման առնչությամբ ։ Բնապահպանները նաև համոզմունք էին հայտնել, որ Հայաստան գալուց հետո «քոչվորները հիմնավորապես կհիմնավորվեն Հայաստանում»: Անգամ շրջանառվեց ոչխարների միջոցով թմրանյութ տեղափոխելու տարբերակը:
Նշենք, որ Վաղը Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարությունից փորձելու է պատասխան ստանալ «Ի՞նչ է նշանակում պետության մի մասը վարձակալության տալ Իրանին» հարցին, որն այսօր հնչեցրեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ հայտարարության տեսքով:
Պատգամավորն իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող է տեղական ինքնակառավարման մարմինը կիսաթաքուն ձևով այսպիսի ինքնագլուխ որոշում կայացնի, որը բնապահպանական, քաղաքական և բազմաթիվ այլ հետևանքներ կարող է ունենալ:
«Գումարին չեմ անդրադառնում, որքան էլ այն արժեք ներկայացնի, խնդիրը ռազմական նշանակություն ունի: Ի՞նչ է նշանակում, ի վերջո, պետության տարածքի մի մասը վարձակալության տալ: Որքանո՞վ է հիմնավոր նման չակերտավոր որոշումը»,- ասաց նա:
Ի պատասխան հարցի, թե համոզվա՞ծ է, որ որոշումը Կառավարության մակարդակով չէ, Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ որոշումը մարզային մակարդակով է:
Նշենք նաև, որ բառացիորեն այսօր երեկոյան նշված խնդրի շուրջ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, որում, մասնավորապես, նշվում է.
«ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև իրավական հետևանք առաջացնող որևէ համաձայնագիր կնքված չէ: «Էկոլուր» ՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, ըստ էության, երկու պատվիրակությունների հանդիպման արդյունքների արձանագրությունն են, որոնք անվանվել են «Համաձայնագիր»: Փաստաթղթերում ընդամենն արձանագրվել են կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու քննարկված հարցերի վերաբերյալ մոտեցումներն ու առաջարկությունները: «Համաձայնագիր» կոչվող փաստաթղթերն ստորագրել են երկու պատվիրակությունների գյուղատնտեսության հարցերով պատասխանատուները, և դրանցում արտացոլված հարցերը պետք է վերջնական լուծում ստանան ներպետական մակարդակով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնեն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգեր:
Հայտնում ենք նաև, որ անկախ փաստաթղթերի իրավական կարգավիճակից, հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով: Քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և իրենց գրանցումը չեն ստացել համապատասխան պետական մարմնում, նշված փաստաթղթերի շրջանակում Սյունիքի մարզում արոտավայրերի վարձակալման մասին խոսելը տեղին չէ:
Տեղեկացնենք նաև, որ մինչ այժմ ինչպես տարածքային կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինները մշտապես պատրաստակամորեն քննարկել և համապատասխան ընթացք են տվել ՀՀ քաղաքացիների կողմից (իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ազատ հողերի, այդ թվում՝ արոտավայրերի վարձակալության համար ներկայացված դիմումները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010թ. N 1477-Ն և 2011թ. N 389-Ն որոշումներով դյուրացվել է արոտավայրերի վարձակալության գործընթացը: Արոտավայրերի վարձակալության պահանջարկի դեպքում բոլոր օղակներում համապատասխան մարմինները միշտ պատրաստակամ են դրանք ուսումնասիրել և անհրաժեշտ ընթացք տալ»: