«Ես աննորմալ եմ»,- իրեն այսպես է բնորոշում յուրօրինակ կոշիկների դիզայներ Մամիկ Մալխասյանը, ում կոշիկներն ունենալու ցանկություն շատերն ունեն, հնարավորություն` քչերը: Ի դեպ, հնարավորությունը միայն ֆինանսով չէ պայմանավորված: Որպեսզի Մամիկը համաձայնի կոշիկ կարել, նախ պետք է սիրի իր հաճախորդին: Նրա խոսքերով՝ միլիոնավոր պատվերներ ունի, որոնք չի անում: Հայ հայտնիներից էլ կան մարդիկ, ում համար երբեք կոշիկ չի կարի, օրինակ, այլևս չի աշխատի Վահրամ Պետրոսյանի, Լիլիթ Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի հետ: Փոխարենը նա հաճույքով աշխատում է Ֆելիքս Խաչատրյանի հետ:

 

 

Կոշիկի դիզայների անունը հաճախ կապվում է Քիմ Քարդաշյանի անվան հետ, ով հագնում է նրա ստեղծած կոշիկը: Մամիկի կոշիկներն են հագնում նաև մի շարք պաշտոնյաներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: esyes.am-ը զրուցել է դիզայների հետ, սակայն ոչ թե հայտնիների հետ համագործակցության, այլ իր գործունեության, երիտասարդության հագուկապի և միակը լինելու ֆենոմենի մասին:) Ինչ վերաբերում է հայտնիներին, նրանց մասին Մամիկի հետ խոսել ենք «Նորաձևության ոստիկանություն» էջի շրջանակներում՝ քննելով հագուկապն ու կոշիկները:)

Առանձին դեպքերում Մամիկը նաև հագուստի դիզայնով է զբաղվում: Նա համոզված է, որ կարող է ցանկացած մարդու ամեն օր նորովի ներկայացնել, սակայն մի մարդու կերպարով անընդհատ չի զբաղվի: «Ոչ մեկի համար սկզբից մինչև վերջ չեմ գնա: Մի անգամ կարող եմ այնպես անել, որ այդ օրը ուշադրության կենտրոնում նա լինի, միայն իրեն տեսնեն ու իր մասին խոսեն, բայց երկարատև չեմ համագործակցի»,- ասաց Մամիկն ու հավելեց, որ կոշիկ կարելու համար էլ իրեն ժամանակ է պետք մինչ միևնույն մարդու հետ երկրորդ համագործակցությունը: Նվազագույնը 6-7 ամիս ընդմիջում պետք է լինի:

 

 

Մամիկի համոզմամբ՝ աստղերը պարտավոր են լավ հագնվել, քանի որ նրանք ճաշակ են թելադրում. «Դա պարտադիր է: Պետք է հաց չուտեն, բայց լավ հագնվեն, նույնիսկ նասկիներն ամենաթանկը պետք է լինեն: Գիտեք ի՞նչն է ամոթ, որ հարսանիքին 3 երգ կատարելու համար մինիմում 2000 դոլար են ուզում կամ կես ժամանոց համերգ վարելու համար կես միլիոն են ուզում, բայց հագնվելու համար փող չունեն»: Թեև Մամիկը նշեց, որ աստղերը պետք է թանկ հագուստ հագնեն, սակայն դիզայների համոզմամբ գեղեցիկ հագնվելու համար մեծ գումարներ ունենալը պարտադիր չէ: Իհարկե, լավ բրենդների հագուստներն ինչպես իրենց արժեքն, այնպես էլ որակն ունեն, սակայն քիչ գումարով էլ կարելի է լավ հագնվել: Ինչ վերաբերում է իր հագուկապին՝ ինքը հագնում է ինչպես ամենաթանկ, այնպես էլ ամենաէժան հագուստը, եթե այն իրեն դուր է գալիս: «Ես կարող եմ հարյուր դոլարով ոտքից գլուխ հագնվել ու բոլորը նայեն, հարցնեն` ի՞նչ եմ հագել»: Դիզայների փոխանցմամբ ինքը միշտ կարողացել է լավ հագնվել՝ սկսած դպրոցական տարիներից. «Ես փոքր տարիքից գիտեի ինչ եմ ուզում: Հագուստս կտրտում ու վերափոխում էի: Ես մեծամիտ չեմ, իրականությունն եմ ասում: Երբ ես հագնում էի կաշվե պիջակ՝ կարմիր, սուր վզով շապիկով, Հայաստանում դրանից 5 տարի հետո նոր էդպիսի տենդենց սկսվեց,- ասաց դիզայներն ու հավելեց, որ մեր քաղաքում երիտասարդների հագուկապը ծայրահեղությունից ծայրահեղություն է: -Աղջիկները կա´մ հագնվում են այնպես, որ բառի բուն իմաստով բերանս բաց է մնում, կա՛մ այնպես, որ ուզում եմ խունկը լցնել դոշին, ասեմ՝ օղորմի քեզ: Իսկ տղաները հագնվում են՝ վերջ կամ Աստված հեռու պահի: Մենք միջին չունենք: Մենք միշտ կա՛մ հաղթել ենք, կա՛մ պարտվել»:

 Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել