Նրանք մեզ ապշեցնում են ու զարմացնում իրենց չափերով և ձևերով: Տիկնայք և պարոնայք, բոլոր տարիքի երեխաներ, ահա կրկեսի մեծ բեմում երբևէ հանդես եկած 10 ամենահայտնի դերասանների ցանկը:
Միդլբուշ հսկա
Արթուր Ջեյմս Քելին, ով հայտնի է եղել որպես «աշխարհի ամենաբարձրահասակ մարդ», ունեցել է «Միդլբուշ հսկա» կեղծանունը: Նրա մասին եղած պատմությունները միմյանցից շատ են տարբերվում. Բարնումը կա՛մ հայտնաբերել է նրան, երբ ճանապարհորդել է արտասահմանում, կա՛մ էլ առաջին անգամ հանդիպել է Նյու Յորքի փողոցներում: Նա կա՛մ ծնվել է 1827 թվականին Մեն կղզում, կա՛մ էլ՝ Երուսաղեմում՝ 1837 թվականին: Բարնումը այնքան շատ պատմություններ էր հորինել իր հսկայի մասին, որ հենց ինքը հաճախ չէր կարողանում հիշել, թե դրանցից որն է ճիշտը: Միդլբուշը կրկեսում ներկայացվում էր որպես 2,4 մ հասակ և 281 կգ կշիռ ունեցող հսկա, բայց ամենայն հավանականությամբ նա ուներ ոչ ավելի քան 2,2 մ հասակ, մոտավորապես նույնքան, որքան հասակ ունեն ամենաբարձրահասակ պրոֆեսիոնալ բասկեբոլիստները: Այս հսկան մահացել է Միդլբուշում (Նյու Ջերսի) և հենց այնտեղ էլ թաղված է:
Հզոր Մեյբլ
Ունենալով կարճ հասակ (1,52մ երկարություն)՝ հրաշալի Մեյբլ Սթարքը պատմության մեջ հայտնի է որպես «ամենանշանավոր կին վագր վարժեցնող»: Վաղ 1920-ականներում նրա ներկայացումը «Ռիգլինգի աշխարհի» ամենաճանաչվածներից էր: 1928 թվականին Մեյբլը սայթաքում է, 2 վագրեր հարձակվում են նրա վրա, գցում գետնին՝ ճանկռելով նրա ուսերը, ձեռքերը, կուրծքը, պոկոտելով մեջքի, կոնքի մկանները:
Նրա վնասվածքները պահանջեցին 378 կար, բայց ընդամենը մի քանի շաբաթ հետո նա վերադարձավ մետաղյա վանդակների մոտ՝ վիրակապերով և ձեռնափայտով: Իսկ 1950 թվականին Մեյբլը այնքան դաժանորեն էր հարձակման ենթարկվել իր վագրերից մեկի կողմից, որ պահանջվեց 175 կար՝ աջ ձեռքը փրկելու համար: Այս պատահարը չկանգնեցրեց անվախ Մեյբլին. նա բեմում անցկացրեց 57 տարի և մահացավ գործից ազատվելուց հետո՝ թմրանյութերի չափազանց շատ քանակություն օգտագործելու պատճառով:
Գարգանտյուա
Գարգանտյուան հայտնի է որպես «աշխարհի ամենասարսափելի կենդանի»: 1938 թվականին, մասնակցելով կրկեսի ներկայացումներին, այս կենդանին Ռինգլինգ եղբայրներին փրկեց սնանկացումից: Կրկեսում ասում էին, որ այս սպիապատ դեմքով, մռնչացող գորիլան, որը բռնվել է Աֆրիկայում, ատում է մարդկությանը. այս փաստը գրավում էր շատ մարդկանց: Գորիլան սկզբում ուներ «Բադդի» անունը, բայց այն վերանվանվեց՝ «Գարգանտյուա» ֆրանսիական գրականության հայտնի հսկայի անունով: Կրկեսում կար նաև մեկ այլ կապիկ՝ Միսս Գարգանտյուա անվամբ, բայց Գարգանտյուան ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում նրա նկատմամբ:
Մարիո Զակչինի
«Փնտրվում է: Մի մարդ, ով կցանկանար կրկեսի շուրջը թնդանոթից պայթուցիկ նյութերի միջոցով 1,6 կմ/ժամ արագությամբ թռչել»: Մարիո Զակչինին կարծում էր, որ դա շատ լավ մասնագիտություն է, նա տարիներ շարունակ իր եղբայրների հետ արծաթագույն թնդանոթից օրական երեք անգամ թռչում էր՝ Ռինգլինգ Բրոս. և Բարնում & Բեյլի կրկեսի համար: Զակչինին գիտեր, որ թնդանոթի պայթյունի ձայնի պատճառն այն էր, որ նրանք օգտագործում էին կես բաժակ սև վառոդ: Բայց նա և իր ընտանիքը երբեք չբացեցին կրակող թնդանոթի կառուցվածքի գաղտնիքը: Մարիոն հաճախ ասում էր. «Ամենադժվարը թռչելը չէ, այլ վայրէջք կատարելը»:
Հարի Հուդինի
Աշխարհի ամենանշանավոր աճպարարներից մեկը սկսել է իր կարիերան Վելշ եղբայրների կրկեսում (Լանկաստեր, Փենսիլվանիա) 1895 թվականին: 26 շաբաթ շարունակ Հարի Հուդինին և իր կինը՝ Բեատրիսը, երգում էին, պարում և ներկայացնում մի աճպարարություն, որը անվանվում էր «կերպարանափոխություն»: Սրա ընթացքում Հարին և կինը փակված տարաներում փոխվում էին տեղերով: Հուդինին կատարելագործում էր իր ձայնը և ներկայացման արվեստը, մինչև դարձավ ձեռնաշղթայով աճպարարության ամենափայլուն կատարողը: Իր փորձը տվեց նրան համաշխարհային ճանաչում, և նա հարստանալուց հետո լքեց կրկեսը:
Թռչող Վալենդաներ
1922 թվականին Կարլ Վալենդան կազմեց մի քառյակ, որն անվանեց «Հիանալի Վալենդաներ»: Նրանք շրջագայեցին ամբողջ Եվրոպայով՝ ներկայացնելով շատ վտանգավոր բեմադրություններ, ինչպիսին է օրինակ 4 հոգանոց բրգով և հեծանիվով անցնել հանդիսատեսի գլխավերևում կապված լարի վրայով: Ջոն Ռինգլինգը այնքան տպավորված էր Կուբայում իր տեսած ներկայացմամբ, որ վարձեց այս քառյակին Ռինգլինգ Բրոս. և Բարում & Բեյլի կրկեսի համար: Նրանք առաջին անգամ ելույթ ունեցան 1928 թվականին, այն էլ առանց ցանցի, որովհետև այն կորել էր փոխադրման ժամանակ: Այս ներկայացումը վայելում էր հանդիսատեսի սերը: Ակրոնում (Օհայո) խումբը բարձրությունից ընկավ հատակին, բայց չվնասվեց: Լրահաղորդը, ով ականատես էր եղել այդ պատահարին, ասաց. «Վալենդաները ընկնում էին այնպես փառահեղ, որ թվաց թե նրանք թռչում են»: Եվ ահա թե ինչպես «Հիանալի Վալենդաները» դարձան «Թռչող Վալենդաներ»: 40 տարի անց՝, 1978 թվականի մարտի 22-ին, Սան Ժուանում (Պուերտո-Ռիկո) 73 տարեկանում հասակում Վալենդան ընկավ լարի վրայից և մահացավ:
Զիփ Գնդասեղ
Վիլյամ Հենրի Ջոնսոնը տարօրինակ տեսք ուներ: Նրա մարմինը զարգացած էր շատ նորմալ, բայց գլուխը մնացել էր փոքր և գագաթում սրված էր: Սոմերվիլում գտնվող Վան Էմբուրգի կրկեսը (Նյու Ջերսի) վճարում էր Ջոնսոնի ծնողներին տղային ցուցադրելու համար և ներկայացնում էր, թե իբր այդ «վայրի նեգր տղան» բռնվել է Աֆրիկայում և պահվել վանդակում ցուցադրության համար: Ջոնսոնը հանրաճանաչ դարձրեց Բարնումը, ով նրան տվեց նոր տեսք, հագցրեց մորթե զգեստ, որը ընդգծեց նրա ծուռ, լայն ճակատը և վերանվանեց՝ «Զիփ Գնդասեղ»: Ասում էին, որ շոու բիզնեսում անցկացրած իր 67 տարիների ընթացքում ավելի քան 100 միլիոն մարդ հաճախել է Զիփի ներկայացումներին: Նրա վերջին բառերն էին. «Դե, մենք նրանց խաբեցինք արդեն շատ երկար, այդպես չէ՞»:
Գեներալ Թոմ Թամբ
1842 թվականին Բարնումը վարձեց 4 տարեկան թզուկի՝ Չարլզ Սթրաթոնին, ով շուտով դարձավ աշխարհահռչակ Գեներալ Թոմ Թամբը: Ունենալով միայն 63,5 սմ հասակ՝ Սթրաթոնը սկսեց շրջագայել ամբողջ Միացյալ Նահանգներում: Նա նմանակում էր Կուպիդոնին և Նապոլեոն Բոնապարտին: Նաև երգում էր, պարում և մասնակցում զվարճալի այլ նմանակումներին: 1844 թվականին նա 2 անգամ ներկայացավ Վիկտորիա թագուհուն և դարձավ համաշխարհային աստղ: Բայց ամենաշատը Թոմի հարսանիքն էր, որ գրավեց հանդիսատեսի ուշադրությունը: 1863 թվականին նա արդեն աճել էր մինչև 81 սմ և ամուսնացավ Լավինիա Վարենի հետ, ով ուներ 85 սմ հասակ: Բարնումը վաճառեց 2000 տոմս յուրաքանչյուրը 75 դոլարով, հյուրերի մեջ կային կոնգրեսի ներկայացուցիչներ, միլիոնատերեր, գեներալներ: Մեղրամսի ընթացքում փոքրիկ զույգը շքեղորեն հյուրընկալվեց նախագահ Լինքոլնի մոտ՝ Սպիտակ տանը:
Էմմեթ Քելլի
Էմեթ Քելլին 1942-1956 թվականներին հայտնվում էր իր հայտնի թափառական ծաղրածուի կերպարով: Քելլիի ներկայացումը տարբերվում էր կրկեսի այլ համարներից. նա պատառոտված հագուստով թափառում էր բեմի շուրջը՝ հանդիսատեսի հետ խոսելու փոխարեն ասելիքը մնջախաղով տեղ հասցնում: Քելլին մահացավ 80 տարեկանում հասակում՝ սրտի ինֆարկտից Սարազոտայում (Ֆլորիդա), ձմեռային արձակուրդների ժամանակ:
Ջամբո
Փ.Թ Բարնումը գնել է Ջամբո փղին Նյու Յորքում 1882 թվականին, ամենամյա «Աշխարհի ամենամեծ շոու»-ի բացման կապակցությամբ: Առաջին 6 ամիսների ընթացքում Ջամբոյի շնորհիվ շոուն ունեցավ 336000 դոլար շահույթ: Իր 6,5 տոննա քաշով և մինչև ուսերը 3,6 մ բարձրությամբ Ջամբոն համարվում է Ամերիկայի պատմության մեջ կրկեսի ամենամեծ կենդանին: Ջամբոն ճանապարհորդում էր ինչպես մի թագավոր՝ անձնական մեքենայով, որը անվանվում էր «ջամբոյի պալատ-ավտոմեքենա», ինչպես նաև մորեգույն և ոսկեգույն բեռնատար վագոնով, որը ուներ երկու հսկա դռներ: Դժբախտաբար, 1885 թվականի սեպտեմբերի 15-ին Ջամբոյին տեղափոխող գնացքը վթարի ենթարկվեց, որից էլ հսկա փիղը մահացավ: