Թերևս հենց սա է պատճառը, որ քաղաքներում, մասնավորապես մայրաքաղաքում հասարակական զուգարանների թիվն այդպես էլ չի ավելանում:
Մի երկու օր առաջ Հյուսիսային և Աբովյան փողոցների հատման կետում Ամերիա բանկը հարցում էր անցկացնում, թե քաղաքացիներն ի՞նչ կուզենան փոխվի կամ ավելանա քաղաքում. ես ցանկության թղթիկի վրա գրեցի, որ այս քաղաքին հարկավոր են հասարակական տուալետներ, որոնք միշտ մաքուր կլինեն, և կից կլինի նաև լվացվելու տեղ, որտեղ առկա կլինի նաև օճառը)))
Բայց մտածում եմ, որ նույնիսկ եթե տուալետներ լինեն, շատերը չեն օգտվի` մտածելով` ամոթ է, եթե հանկարծ մի ծանոթ մարդ տեսնի իրենց ))
Իհարկե, ցավում եմ, որ մենք դեռ այնքան տգետ ենք, որ կարող ենք ծիծաղել մեկի վրա, ով բնական կարիք ունի. այսպես պատահեց նաև վերջերս, երբ վերադառնում էի Երևան: Մոտ երկու ժամ ճանապարհ էինք անցել, երբ ուղևորներիրց մեկը` մոտ 70 տարեկան պապիկ, վարորդին ասաց, որ մի տեղ կանգնի: Վարորդն էլ թե` մի ժամից տեղ կհասնենք… Նրան միացավ մի կին ուղևոր` ես ուշանում եմ, ինչո՞ւ պետք է վարորդը կանգնի: Խեղճ պապիկին էլ բան չմնաց ասելու, քան հիշեցնել, որ 80-ականներին մի դեպք է գրանցվել, երբ տրանսպորտը հասել է քաղաք և, ուղևորներից մեկն իջնելով` միանգամից մահացել է` բարձրացել է ազոտը, իսկ միզապարկը պայթել է: Վարորդին ութ տարի դատապարտել են, իսկ ահա այդ կինը մահացել է: Այս ամենից հետո կինը, որ իմ աչքին այդ պահից հետո վիշապ երևաց, սկսեց խնդալ, որոշ ուղևորներ էլ հետևեցին նրան. թե այս պատմության մեջ ուրախանալու պահը որն էր, ես այդպես էլ չհասկացա((( ու չսիրեցի այդ անծանոթներին:
Ինչևէ, պապիկը մինչև քաղաք դիմացավ, ու հուսամ՝ նորմալ տուն է հասել:
Բայց ես մտածում եմ, թե ինչո՞ւ են մարդիկ այսքան չար. չէ՞ որ սա անհարգալից վերաբերմունք է դիմացինի հանդեպ, ու նման մի բան կարող էր պատահել նաև այդ չարախոս կնոջ հետ: Նա պնդում էր, որ ուշանում է բժշկի մոտ այցելելու նշանակված ժամից, իսկ ես համոզված եմ, որ նա դեռ ժամերով սպասել է իր այդ այցելությանը:
Բայց կան նաև «դրությունը» հասկացող և հարմարվող մարդիկ: Այդպիսին է իմ ծանոթներից մեկը, ով քաղաքի կենտրոնում ռեստորան ունի, և վերջերս բողոքում էր այցելուներից. «Գալիս են, մտնում տուալետ, դուրս գալիս ու... գնում: Ի՞նչ կարաս անես, ի՞նչ իմանաս՝ հաճախո՞րդ է, թե՞ բնական կարիքից շունչը փչող մեկը...»))): Որոշներն էլ, զրուցակցիս կարծիքով, «դատարկ» դուրս չեն գալիս, ջուր կամ ուտելու մի բան են վերցնում, ուղղակի անհարմար չզգալու համար: «Բայց դե հասկանում ես՝ ինչի համար են ներս մտել. ախր էդ նույն ջրից կողքի խանութում էլ են վաճառում»,- ժպտալով ասաց նա:
Չեմ կարծում, թե ամեն մի տնօրեն այսպիսի դեպքերի ժամանակ կժպտա ու հումորով կնայի դրան:
Բայց մի բան հստակ է, որ հասարակական արտաքնոցների առկայությունը քաղաքում որոշակի մաքրություն կապահովի` մարդիկ չեն վազի թփերի տակ կամ շենքերի հետևը: Եվ միգուցե ժամանակի ընթացքում որոշ հայեր նույնպես հասկանան ու «ընդունեն» այն անժխտելի փաստը, որ զուգարան մտնելու կարիք ունենում են բոլորն անխտիր, և որ դա երբեք ամոթ բան չի եղել ու չի լինի: