Շուտով նաև աշխատող կայք
Շուտով նաև աշխատող կայք

ArCa վճարահաշվարկային համակարգը մոտ օրերին պատրաստվում է ներկայացնել կայքի աշխատող տարբերակը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ընկերության PR բաժնի պատասխանատու Սաթենիկ Բագյանը: «Աշխատող կայք ստեղծելու գաղափարը առաջացավ բոլորովին վերջերս: Շատերին կթվա, որ դա օգտատերերի բազմաթիվ բողոքների հետևանքն է, սակայան պետք է շտապեմ հիասթափեցնել` սա մեր նախաձեռնությունն է», – հավաքված լրագրողներին ասաց Բագյանը: PR պատասխանատուի խոսքով աշխատող կայքը մեծ թարմություն կբերի էլեկտրոնային վճարումների ոլորտ, քանի որ այլևս կախված չի լինի մոլորակների դասավորվածությունից և եղանկից: «Մի կողմից, անշուշտ, կվերանա անակնկալի գործոնը. ներկայում, եթե ուզում ես վճարում անել մեր կայքից, երբեք չգիտես կստացվի, թե ոչ: Դա որոշակի ազարտ էր ստեղծում օգտատերերի շրջանակում: Սակայն երբ ցանկացած փոխանցում/վճարում առանց խնդիրների կատարվի, կարծում եմ, օգտատերերը կշատանան, կայքն էլ մոտ 13 անգամ ավելի օգտակար կլինի»,-հավելեց Բագյանը:

Օգտատերերը նորությունը ընդունեցին իրենց բնորոշ թերահավատությամբ. «Ուզում եք ասել հենց առաջին փորձից կկարողանամ լույսի վարձը վճարե՞լ: Այսինքն՝ հենց նու՞յն օրը: Առանց իմ շատ սիրելի L1 սխալի՞: Մինչև չտեսնեմ չեմ հավատա»,- մեկնաբանեց Xelgen կեղծանվան տակ թաքնված ինտերնետ օգտատերը: «Մեր հին ու բարի հայկական ինտերնետի հերն անիծում եք: Հաջորդն ի՞նչ ա` Kamօblog-ը հայատա՞ռ…ո՞նց արդեն հայատառ ա…pigh ըլնեմ», – ասաց ներկայանալ չցանկացող մի օգտատեր:

ArCa-ի PR բաժնի պատասխանատուն խոստացավ նոստալգիկ օգտատերերի համար պահպանել կայքի ներկա` չգործող տարբերակը: «Եթե ինչ-որ մեկը ցանկանա վճարումները անել 4-5-րդ փորձից և վերհիշել հին ու բարի օրերը, ապա սիրով կարող են այցելել nostalgie.arca.am կայքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել