
Հայրիկյանն անկախության սիմվոլն է: Եթե կրակել են Հայրիկյանի վրա, կրակել են մեր անկախության վրա: Իհարկե. Տիգրան Մեծն էլ գրավել է ողջ աշխարհը, բոլոր լեզուներն առաջացել են հայերենից, մեր մշակույթն էլ այնքան հին է, որքան աշխարհը ժայռերի վրա նկարելու նախաարվեստը:
Հայրիկյանը միայն անկախության սիմվոլը չէ: Հայրիկյանը շատ վաղուց կոռումպացված և լճացված չինովնիկների դեմ դասական քաղաքական գործիչների պարտության սիմվոլն է: Քաղաքական և կուսակցական մշակույթի նկատմամբ գողական բարքերի և մտածելակերպի հաղթանակի սիմվոլն է: Առաջընթացը չհասկանալու և իրենց աստեղային ժամին թթված լինելու հայերին բնորոշ քարացվածության սիմվոլն է: Նա կայացած անկախության և չկայացած պետության սիմվոլն է: Ծաղրի աստիճան անլուրջ քարոզարշավի և մեկ օրում 30 էքսկլյուզիվ ինտերվյու տվողի սպառման սիմվոլն է:
Մեծ հաշվով, նա մեր բոլորի սիմվոլն է: Բայց անկախությունն այստեղ կապ չունի:



