Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 42 333 ծնված (22 715-ը՝ տղա, 19 618-ը՝ աղջիկ), որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 14%: Նշենք, որ մայրաքաղաքում ծնունդների թիվը կազմել է 15 552, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատում՝ 3 740 ծնունդ: (Panorama.am)
Այն, որ առողջապահական համակարգում խնդիրները բազմազան են, փաստ է, սակայն այդ խնդիրների բազմազանությունը ուղղակի ներգործություն է ունենում հասարակության կենսագործունեության վրա: Եթե այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է, որ ծնելիության նվազում է արձանագրվել, ապա ես էլ վստահորեն պնդում եմ, որ այդ թիվն ավելանալու է, տարբեր պատճառներով: Մի պատճառ էլ առողջապահական ոլորտի պատասխանատուների «հիասքանչ» որոշումներն են:
Հիշեցնեմ` ծննդօգնության գործընթացը Երևանում հագեցվածության նվազեցման համար նախարարի կողմից որոշում ընդունվեց, որ մարզերի բնակիչները պետք է անվճար ծննդօգնություն ստանան տեղերում, իսկ Երևանում մարզի բնակչի համար ծննդօգնությունը կլինի վճարովի:
Որոշումն ընդունելիս տեղերում ծննդօգնության պայմանների վրա, կարծես թե, ուշադրություն չի դարձվել: Միայն թե Երևանում բեռնաթափվի, իսկ թե այդ որոշումն ինչ հետևանք կարող է ունենալ ծնելիության մակարդակի վրա, դա ևս հաշվի չի առնվել: Ստացվում է, որ ծննդօգնության մատչելիության մեջ որոշակի խոչընդոտները կարող են նույնպես նպաստել ծնելիության մակարդակի նվազմանը:



