Տարիների պատմություն ունեցող Նաիրիտի աշխատավարձների խնդիրը անցյալ տարի լուծում ստացավ: Բացի դրանից, կառավարությունը խոստացավ հնարավորության դեպքում ֆինանսավորողներ գտնել գործարանի վերագործարկման համար:
Թվում էր, թե Նաիրիտի հետ կապված խնդիրները լուծվում են, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Նաիրիտի նախկին աշխատակիցների բողոքները չեն դադարում, քանի որ հիմա էլ նրանք հիշել են ժամանակին չվճարված աշխատավարձերի դիմաց կուտակված տոկոսագումարների մասին, որոնցից ի դեպ հրաժարվել էին դեռ անցյալ տարի՝ սեփական կամքով։
Վերը նշվածի հետ մեկտեղ գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են քրեական գործ հարուցել գործարանի տնօրինության դեմ՝ այն պատճառաբանությամբ, որ ժամանակին իրենց պարտադրել են հրաժարվել չվճարված աշխատավարձերի նկատմամբ հաշվարկված տոկոսներից։
Կարծում եմ` այս ամենն արդեն վերածվում է պոպուլիստական ներկայացման։ Հիշյալ գործարանը գրեթե չի գործում արդեն շուրջ 6 տարի, սակայն սոցիալական խնդիրներից ելնելով, երկար ժամանակ գործարանում հաշվառվել են մի քանի հազար աշխատողներ։ Վերջիններիս զգալի մասը շարունակել է վճարվել՝ չնայած նրան, որ գտնվել է հարկադիր պարապուրդում։ Այսինքն, չաշխատելով աշխատավարձ է ստացել կամ աշխատավարձի պարտք կուտակել ընկերության վրա։
Վերը նշվածը հաշվի առնելով` պետք է սթափ դատել և ճիշտ գնահատել, թե արդյոք տեղին է բարձրացնել, ըստ էության սեփական աշխատանքով չվաստակած աշխատավարձերի ուշացումների դիմաց հաշվարկված տոկոսների խնդիրը։
Ամեն ինչ խելամիտի սահմաններում է գեղեցիկ ու ընդունելի: