Եվ այսպես,ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան,որը տևեց 3 օր: Եթե ամփոփելու լինենք այն, ապա մեծ հաշվով կարող ենք ասել, որ այն ստացվեց: Ստացվեց ոչ թե զուտ պրոտոկոլային ու դիվանագիտական էթիկայից ելնելով, այլ նախևառաջ այցի ընկալման և արժևորման տեսանկյունից: Սովորաբար, երբ Հայաստան է այցելում նշանավոր հյուր՝անկախ նրա գործունեությունից, մասնագիտական ամպլուաից ու այցի նպատակներից,մեր հասարակության մեջ յուրօրինակ էյֆորիա է տիրում: Համընդանուր խանդավառվածությունը իբրև թե պայմանավորվում է նշանավոր հյուրի առքելության իրագործման մեջ, որը այս կամ այն կերպ կոչված պիտի լինել այդ մի քանի օրը կիսել հայ ժողովրդի մեծագույն ցավը,ծանոթանալ հնամենի մշակույթի հետ և հպարտանալ հարուստ արժեհամակարգային,պատմական ձեռքբերումնրով: Հայ հասարակությունը սրանից դուրս, ոչ մի կերպ չէր պատկերացնում նշանավոր հյուրի այցելությունը և ոչ մի կերպ չէր հասկանա,եթե դիցուք Ֆրանցիսկոս Պապը չարտասաներ Ցեղասպանություն բառը: Ֆրանցիսկոսը արեց հետևաբար՝ փառք ու պատիվ իրեն: Հասարակությունը ցնծում է և այսքանով հաջողված համարում Պապի այցը:
Մինչդեռ քաղաքական ու հոգևոր շրջանակներում այս մոտեցումը պետք է լրջագույն մտածելու տեղիք տա: Այն, որ Հայաստանը փոքր երկիր է մեծ մարտահրավերներով, դա բոլորս գիտենք: Այդ մեծ մարտահրավերների հաղթահարման գործում եկեղցու մեծ դեր ունենալը ձևավորված է նաև հասարակության ընկալման մեջ, նույնպես աներկբա է: Հետևաբար Հռոմի Պապի այցը ոչ մի կերպ չպետք է վերջանա նրա Հայաստան գալով և Հայաստանից գնալով: Ի վերջո մի քանի օրից կանցնի համազգային ոգևորությունն ու նորից Հայաստանը կառերեսվի մեծ մարտահրավերներին ու դառն իրականությանը: Ինչ է լինլու այդ ժամանակ…
Սակայն հարցին նայենք ուրիշ տեսանկյունից: Պապը նախևառաջ իր հետ բերեց նոր մտածողություն՝աշխարհի ընկալման նոր մոդել: Պապը երթևեկում է սովորական մեքենայով, ինչը անհարմար դրության մեջ է դնում հայ պաշտոնյաներին և բարձրաստիճան չինովնիկներին: Պապը խոսում է հանդարտ, առանց պաթոսի, սակայն ասում է այն ինչ ուզում են լսել նրանից թե երկրի իշխանությունները,թե հասարակությունը: Պապը քայլում է դանդաղ և մերթընդմերթ նրանից առաջ ընկնող Նախագահը ստիպված է հավասար քայլել՝թեպետ շտապողականության մեջ Նախագահին հաստատ չես մեղադրի: Մարդիկ ցնծում են,որովհետև Պապը Չարենց ու Նարեկացի է արտասանում: Ցնծում են ոչ թե նրա համար, որ կարդացել են (համոզված ենք մեծամասնությունը Նարեկացուն ճանաչում է որպես փողոց, կամ բժշկական կենտրոն), այլ որովհետև Պապը մեջբերում է անում հայ հեղինակից…
Եթե խոսենք անկեղծ, Եկեղեցին և առ հավատն Աստծո մշտապես եղել է հայ ժողովրդի միասնականություն ապահովողն ու առաջնորդողը: Մեր օրերում, ցավոք այդ դերը փոքր ինչ նվազել է և պրոյեկտվելով ասոցացվել երբեմն քաղաքական, երբեմն ներանձնային ինչ-որ շահերի հետ: Դա էլ իր հերթին մարդկանց շրջանում առաջացրել է թյուրընկալում և հուսահատություն: Պապի այցը հնարավորություն է նաև հայ եկեղեցու համար: Վերաիմաստավորել սեփական հոտի հետ դիալոգն ու փարատել իրարամերժ կարծիքները: Չվախենալ նրանից և հոգ տանել նրա մասին:
Եվ ի վերջո, Պապը ազդարարում է Հայաստանի՝աշխարհի հետ հարաբերվելու որակապես նոր փուլի մանիֆեստը: Սա տեղի է ունենում մեր երկրի համար վճռորոշ ժամանակաշրջանում: Երբ չի ավարտվել պատերազմը ու չի ավարտվել վտանգը: Հայաստանը, ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը, մանրամասն սիրելու երկիր է: Պապը սիրեց Հայաստանը, հայ ժողովուրդն էլ սիրեց Պապին: Մնում է միայն պահպանել այդ սերը: Իսկ դրա միակ ճանապարհը սեփական երկիրը վերաարժևորելու և նորովի բացահայտելու մեջ է: Ոչինչ որ դրա մեծապես նպաստեց ծագումով ոչ հայ Հռոմի Պապ Ֆրանցիսոկոսը: