«Հայնյուզը» բավականին ուշագրավ մի ցուցակ է հրապարակել՝ Հայաստանում վերջին 23 տարիների ընթացքում կատարված աղմկահարույց քաղաքական սպանությունների վերաբերյալ։ Մի հատ նայեք, անցնենք առաջ.

29.08.1990թ. Երևան

Սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից:
Սպանություններն այդպես էլ չեն բացահայտվում (Մոնտեկի-Կոպուլետտի սցենարի մեջ լրիվ տեղավորվող սպանություն):

1993 թվական, մայիսի 3, առավոտյան ժամը 7։10, Երեւան, Խանջյան փողոց

Սպանվում է Հայկական երկաթուղու պետ Համբարձում Ղանդիլյանը և մեքենայի երեք ուղևորները: Նրանց վրա արձակվել էր մի քանի տասնյակ գնդակ՝ ավտոմատի կրակահերթով:
Չի բացահայտվել... հետո մազութի գործ-մործ... չի էլ բացահայտվի։

1993 թվականի հուլիսի 21, առավոտյան ժամը 8:05, Երեւան, Կոմիտասի անվան այգի։

Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը:
Չի բացահայտվել, բայց դե պարզ ա չէ՞ ինչքան բան ինքը գիտեր՝ ՀԽՍՀ ՊԱԿ ղեկավարի իր պաշտոնի բերումով։ Դրա համար էլ խփին։

1994 թ.-ի դեկտեմբերի 18, Երևան

Իր տան դիմաց սպանվում է Երևանի նախկին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանը: Վերջինիս եղբայրը վազում է մարդասպանների հետևից, սակայն չի հասցնում փրկել Գալստյանին:
Չի բացահայտվել։ Մեր կողքի բակում էր ու ինչքան հիշում եմ, հետո տան զննման արդյունքում պարզվել էր, որ մարդու տղեն Ազգային պատկերասրահից թեթևի մեջ մի երկու նկար էր բերել իրա տան պատերից կապել, այդ թվում նաև Սարյանի կտավներ։

1998 թ. Երևան, օգոստոսի 6

Սպանվել է ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը: Պաշտոնական վարկածով՝ սպանել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել:
Մեր դպրոցն իր անունով էր, իսկ հարազատները մինչ օրս էլ մեղադրում են Վանոյին այս սպանութան համար։ Կարելի է ասել, որ չի բացահայտվել։

1998 թվականի դեկտեմբերի 10

Իր բնակարանի շքամուտքում սպանվում է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունին: Սպանությունը չի բացահայտվում։
Չի բացահայտվել։

1999թ. փետրվարի 9, Երևան

Պաշտոնական վարկածով ինքնասպան է լինում ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը: Կրակոցները, սակայն, կատարվել են երկու անգամ՝ գլխի և սրտի շրջանում:
Ըհը, մեկ մահափորձ անելուց ուսերին են կրակում, մեկ էլ ինքնասպանութուն անելուց են հա՛մ սրտին կրակում, հա՛մ գլխին։ Չի բացահայտվել։

1999 թ., հոկտեմբերի 27, Երևան

Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը Խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: Այժմ ահաբեկիչները ցմահ ազատազրկում են կրում:
Նո քոմմենթ։ Յանի բացահայտվել ա, բաց դե թան էլ չէ՝ փրթած մածուն։

2001թ. սեպտեմբերի 11, Երևան

Իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվում է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը: Սպանությունը բացահայտված չէ:

2002 թվականի դեկտեմբերի 28, Երևան

Իր ծնողների տան շքամուտքի մոտ ատրճանակի կրակոցներից սպանվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:
Վազգենի ախպորը նստացրեցին՝ որպես պատվիրատու։ Եսի՞մ, ինձ թվում ա, որ բացահայտվել ա, բայց մասամբ։

2006 թ. սեպտեմբերի 6, Երևան

Ծառայողական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից սպանվում է ՀՀ Հարկային ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը:
Բնականաբար չի բացահատվել։

Փետրվարի 3, 2009 թ., Երևան, Բարբյուսի փողոց

Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: Սպանությունը բացահայտված չէ, բայց ինչ որ շարժումներ դեռ կան, մեկ էլ տեսար։

Մի խոսքով, կարելի է փաստել, որ մեր երկրում եղած գրեթե բոլոր քաղաքական սպանութուններն այդպես էլ չեն բացահայտվել, ինչը կարող է խոսել միայն երկու բանի մասին. կամ իրավապահներն ու ալ կոմպետենտ կառույցները լավ չեն աշխատում, կամ էլ... Դե սենց ասենք, մե՜կ-մեկ իրանց ասում են, որ հանկարծ լավ չաշխատեն, թե չէ իրանք էլ մի հատ սրտից, մի հատ գլխից խփված կգտնվեն, ու դա կներկայացվի որպես ինքնասպանություն։

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել