
Կարլ Լագերֆելդը միշտ էլ աչքի է ընկնում իր համարձակ քննադատություններով: Դիզայները չի լռում ոչ մի հարցի շուրջ և ազատ արտահայտում է իր կարծիքը, անգամ եթե այն վերաբերում է ԱՄՆ նախագահի կնոջը:
Այս անգամ հայտնի դիզայները քննադատել է Միշել Օբամայի նոր սանրվածքը, որով Ամերիկայի առաջին տիկինը ներկայացել էր Օբամայի երդման արարողությանը:





«Ես չեմ հասկանում այդօրինակ սանրվածքի իմաստը: Եթե անկեղծ ասեմ, ապա կարծում եմ` դիմացի
մազափունջը պարզապես ավելորդություն է և չի սազում Միշելին: Այդ սանրվածքով Միշել Օբաման նման էր լուրերի
թողարկման հաղորդավարուհու»,-ֆրանսիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է Կարլը:
Միշել Օբաման, թերևս, ամենամեղմ քննադատությանն է արժանացել դիզայների կողմից: Այնքան էլ վատ չէ լուրերի հաղորդավարուհու նման լինելը, իսկ ահա երգչուհի Ադելը ժամանակին ավելի վիրավորական քննադատության էր արժանացել: Նրա մասին Կարլ Լագերֆելդն ասել էր. «Ադելն ունի գեղեցիկ դիմագծեր, հրաշալի ձայն, սակայն բեմի մարդ լինելու համար նա մի փոքր գեր է»:
Ի պատասխան դիզայների քննադատությանը` Ադելն ասել էր. «Ես ներկայացնում եմ կանանց մեծամասնությանը, ինչի համար շատ հպարտ եմ»:



