Արամ MP3-ն սիրում է, երբ իրեն ներկայացնում են առաջին հերթին որպես երգիչ, հետո` հումորիստ: Նա այսուհետ ավելի հաճախ առիթներ կստեղծի իր մասին խոսելու որպես երգիչ, քանի որ բացի ակումբային մենահամերգներից, առաջիկայում պատրաստվում է ներկայացնել տեսահոլովակ, հեղինակային նոր երգեր ու ձայնասկավառակ:
Նա գարնանը կներկայացնի «If I Try» նոր երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երգի երաժշտությունը ստեղծել է DJ Սերժոյի հետ համատեղ, իսկ անգլերեն տեքստը գրել է Գարիկ Պապոյանը. «Փոփի ու բալլադի մեջտեղում գործ է, ռոքային չէ, բայց լրիվ փոփ էլ չէ: Երգին ավելի շատ անգլերենն էր համապատասխանում, բայց չի բացառվում, որ հետագայում հայալեզու գործեր էլ կներկայացնեմ», - BRAVO.am-ին հայտնել է Արամ MP3-ն:
Տեսահոլովակը նկարահանվել է «Վիտամին» ակումբում: Ռեժիսոր Սերժ Գաբյանն «If I Try»-ին տալու է անիմացիոն լուծումներ. «Տեսահոլովակն ունի հստակ սյուժետային գիծ եւ երգի իմաստին համապատասխան գրաֆիկա: Ինչպես վերնագիրն է հուշում, եթե մենք փորձենք ապրել այնպես, ինչպես մենք ենք ուզում, ոչ թե ինչպես սոցիումն է մեզնից պահանջում` որքան ազատ կլինենք: Երգը մտածելու տեղ է թողնում, ուզում եմ միանգամից տեսահոլովակով ներկայացնել, որ մեր գաղափարը ճիշտ տեղ հասնի: Փորձել ենք նորարարություն անել, բարդ տեխնոլոգիաներ ենք կիրառել, տեսնենք` արդյունքն ինչ կլինի»:
Ի դեպ, երգիչ-հումորիստն այժմ աշխատում է իր անհատական առաջին ալբոմի վրա, որը, հավանաբար, կթողարկվի 2013-ի աշնանը: Նրա նոր երգերը ստեղծվում են DJ Սերժոյի անմիջական մասնակցությամբ. «Քանի որ Սերժոն էլեկտրոնային երաժշտության սիրահար է, պարային ռիթմիկ երգեր էլ կլինեն: Մեր ոճն ու ճաշակները միախառնում ենք ու ստեղծում հեղինակային նոր գործեր: Նաեւ ուզում եմ դուետներ ձայնագրել, արդեն մտածում եմ` երգիչներից ում հետ պետք է համագործակցեմ, բայց փակագծերը դեռ չեմ բացի», - նշել է Արամը` հավելելով, որ իր կատարմամբ հայտնի հիթերն ալբոմում չեն ընդգրկելու: 
Վիտամին ակումբում պարբերաբար համերգներով հանդես եկող Արամ MP3-ն խոստանում է դրանց ընթացքում պրեմիերաների տեսքով երբեմն հնչեցնել իր հեղինակային երգերը. «Արդեն ձեւավորված երգացանկ ունեմ եւ մեծ մասամբ անգլերեն եմ երգում համերգներիս: Կարծում եմ` երգը լեզու չունի, կապ չունի ռուսերեն, ֆրանսերեն, թե մեկ այլ լեզվով ես երգում: Բայց ակումբային համերգներս միշտ ավարտում եմ «Երեւան» երգով ու այն նվիրում մեր մայրաքաղաքին»:
Արամի փոխանցմամբ` իրեն աշխատանքում աջակցում ու քաջալերում է իր կինը` Աննան, ով համերգների, նկարահանումների ժամանակ իր կողքին է լինում. «Նա միայն ուրախ է, որ երաժշտությամբ եմ զբաղվում, իմ նոր երգերի առաջին լսողներից է լինում եւ իր ճիշտ գնահատականով ինձ օգնում է: Երբեմն քննադատական խոսքեր էլ է ասում, իր կարծիքն ինձ համար կարեւոր է, որովհետեւ երգը գնահատում է որպես հանդիսատես, այլ ոչ թե, որ իր ամուսինն է երգում»:



