«Մենք ներում ենք մեր սիրելիներին, բայց արդյո՞ք դրանից հետո նրանք շարունակում են մնալ մեր սիրելին»:
Երբե՛ք: Այս արտահայտությունները սուտ են: Համենայն դեպս, իրական սիրո դեպքում սրանք կեղծ են: Երբ սիրում ես, դու տեսնում ես ավելին, դու տեսնում ես նրան այնպես, ինչպես նա կա, ընդունում ես նրան այդպիսին՝ իր թերություններով: Նա սովորական մարդ է, բայց քեզ համար նա ուրիշ է, տարբերվում է բոլորից, դու տեսնում ու գիտակցում ես նրա բացասական կողմերն ու քայլերը, բայց թքած ունես, դու իրեն սիրում ես: Երբ սիրում ես, չես սիրում իր լավ հատկանիշների համար, պարզապես զգում ես, թե որքան ես կապվել նրա հետ: Նա քեզ վիրավորում է. դու ներքուստ այրվում ես, սակայն որոշ ժամանակ անց դու, գրեթե, չես հիշում եղելությունը, միայն ցանկանում ես նրա կողքին լինել, տեսնել նրա ժպիտը, աչքերը, հայացքը: Դու ներում ես նրան, որովհետև այդպես ես ցանկանում: Գուցե ցույց ես տալիս, թե նեղացած ես, չես ների, ատում ես, բայց`ոչ, հոգու խորքում դու ներել ես, քանի որ սիրում ես: Սերը զգացմունք է, և ինչպես մյուս զգացմունքները, այն ևս կարող է լինել փոխադարձ և միակողմանի: Դու շարունակում ես երազել նրա մասին՝ քաջ գիտակցելով, որ անիմաստ է, նա քեզ չի սիրում, չի հիշում, դու նրա համար ոչինչ ես, իսկ նա քեզ համար`ամեն ինչ: Այդ հասկանալով` դու ձգտում ես մոռանալ նրան, բայց ապարդյուն. նա քո ուղեղում գամված է սուր սեպի պես: Անցնում է ժամանակ, դու նրա մասին մոռանում ես, բայց բավական է լսել նրա անունը և… Ամեն ինչ ետ է վրադառնում, խառնվում իրար, կրծում ներսից: Երբ լսում ես այն երգերը, որոնք լսել ես, երբ նրա հետ էիր, զգում ես այն, ինչ զգացել ես, կարծես թե այդ օրն է, այդ պահը: Երբ փողոցում պատահական քեզ դեմ հանդիման քայլում է նա, ակամա ոտքերդ թուլանում են, լեզուդ կապ է ընկնում, չես կարողանում շարժվել, ցանկանում ես ճամփադ փոխել, բայց ոտքերդ մեխված են գետնին, կարծես բանականությունդ վերացել է, ինքդ քեզ չես կարողանում կառավարել: Տուն ես վերադառնում դեմքի հիմար ժպիտով, քո աչքի առջև տեսիլքի նման ուրվագծվում է այդ պահը, դու հասկանում ես, որ դեռ սիրում ես, որ քո հուշերի մի փոքրիկ անկյունում նա կար, ապրում էր, իսկ այն, ինչ նա ասել էր քեզ, այն վերաբերմունքը, որ ցույց էր տվել, ու՞ր է. մոռացվել է, էական չէ: Դու ամեն ինչ կտաս, որ նա քո կողքին լինի, բայց… Կիկին անցնում է ժամանակ: Դու նոր կյանք ես սկսում, երջանիկ ես, հայտնվում է մեկը, ով քեզ համար սարեր շուռ կտա, ում հանդեպ անտարբեր չես, ցանկանում ես իրեն նվիրվել, բայց այդժամ մտածում ես` արդյո՞ք կսիրես այնպես, ինչպես նրան, իսկ եթե մի օր նրան տեսնես, ի՞նչ կլինի, կրկին կխառնվի ամենը: Դիմացինին ցավ չպատճառելու համար դու հրաժարվում ես նրանից, քանի որ սրտումդ վախ կա: Կամ գուցե համաձայնվում ես կյանքդ կապել ուրիշի հետ, քեզ զսպել, բայց ինքդ էլ գիտես, որ եթե նա գա քեզ մոտ, ներում հայցի, ապա կներես: Իհարկե, նա չի գա, և այս հույսով դու նոր կյանք ես սկսում: Բայց քո հոգու խորքում, քեզնից թաքուն շարունակում է ապրել, և եթե քեզ հարցնեն` դու իրո՞ք սիրում ես ամուսնուդ, դու կշփոթվես, կգիտակցես, որ սիրում ես, բայց կա մեկը, ում դու երբեք չես մոռանա, ում միշտ ավելի շատ կսիրես՝ անկախ ամեն ինչից: Բայց նաև գիտակցում ես, որ հանուն ամուսնուդ երջանկության, թեպետ սուտ, բայց պետք է ասես, որ միայն նրան ես սիրում: Հաճախ դու քեզ ես խաբում, և ինչպես կասեր Պարույր Սևակը. «Ինքս ինձնից գաղտնի քեզ եմ դարձյալ սիրում»: Ասելիքս այն էր, որ եթե սիրում ես, ապա ամեն ինչ ներում ես, բառապաշարիցդ վերանում է «աններելի» բառը, դու տեսնում ես այն, ինչ կատարվում է, ու աչք ես փակում ամեն ինչի վրա, ընդունում նրան, ինչպես նա կա, սիրում իրական ու հավիտյան: Այս ամենից հետո միայն մեկ հարց մնաց. իսկ իրական սեր կա՞:
Նյութի աղբյուր՝ http://stories-n.blogspot.com/2013/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել