Հարց - Կա՞ Հայաստանում որևէ մեկը, ով բանկում պարտք չունի, վարկով փող չի վերցրել կամ ապառիկ չունի: Մինչ այժմ ես չունեի: Հաղորդագրություն BEELINE-ից՝ «Դուք մեր լավագույն բաժանորդն եք և ձեզ տրամադրվում է ВТБ բանկի VISA Alliance քարտ»: Ինչպես հետո պարզ եղավ, տարեկան 22%-ով 150.000 դրամ են տալիս: Այդ ժամանակ ինձ գումար էր հարկավոր: Գնացի բանկ և վերցրի. շատ շուտ ու կազմակերպված տվեցին: Զարմանալի էր: Հետո ինչ պարզվեց. յուրաքանչյուր գումարի կանխիկացման համար 2% կախված գումարի չափից (մինիմալը 1500դրամ), սպասարկման համար ամիսը 500 դրամ: Ընդամենը պարզ մաթեմատիկա՝ ամիսը 150.000 կանխիկացման 2%-ը 3000 դրամ, տարեկան՝ 36.000 դրամ: 150.000 դրամի տարեկան 22%-ը կազմում է 33.000 դրամ: Ամիսը 500դրամ սպասարկումը տարեկան կազմում է 6000դրամ: Քարտի համար տարեկան 3000դր: Արդյունքում՝ 36.000+33.000+6.000+3000 =78.000 դրամ, այսինքն՝ խոստացված 22%-ը առանց որևէ պահանջի հասավ 52%: Կարծում եմ՝ աշխարհի ոչ մի երկրում նման տոկոսադրույքով գումար չի տրամադրվում ոչ մի բանկում: Իսկ երբ զանգահարում ես, ընդամենը պատասխանում են. «Այդպիսին են մեր պայմանները, ստորագրելուց ուշադիր լինեիք»: Ճիշտ է, մեղավորությունը մերն է, որ խաբնվում ենք և նման դեպքում, եթե նույնիսկ մինչև 100% հասնի, նույն պատասխանն ենք լսելու: Նրանք օրենքը չեն անտեսում 22% - իսկ ո՞վ է պատասխան տալու մնացած 30% ավել գումար գանձելու համար: Ժողովուրդ ջան, յուրաքանչյուր գործարքի ժամանակ ուշադիր կարդացեք, նոր ստորագրեք: Նման դեպքերի հետևանքն է, որ այսօր շատերը զրկվել են իրենց ունեցվածքից, նաև բնակարաններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել