Ինչպես նշեցինք, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Էստոնիան կրկին օկուպացվեց ԽՍՀՄ կողմից: ԽՍՀՄ իշխանությունները վերջնականապես ճնշելով պարտիզանական շարժումը ձեռնամուխ եղան իշխանության մարմինների ձևավորմանը: Երկրի միակ քաղաքական ուժը դարձավ Էստոնիայի Կոմունիստական կուսակցությունը, որը կառավարվում էր Կրեմլի կողմից:
Ընդհանրապես, հարկ է նշել, որ երկրի բոլոր կարևորագույն հարցերը քննարկվում և որոշվում էին Կրեմլում: Ձևավորվել էին նաև Էստոնիայի կառավարությունը և Գերագույն Խորհուրդը: Պետք է նշել, որ իշխանության ներսում բավականին լուրջ պայքար էր մղվում և շատ դեպքերում այդ պայքարի արդյունքը որոշվում էր կրկին Կրեմլում:
Այսպես, օրինակ, 1950թ. Մոսկվայի ուղղակի հրահանգով այդ ժամանակվա կառավարության պաշտոնյաների զգալի մեծամասնությունը փոխարինվեց: Երկրում այլախոհության կամ ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելու նկրտումներն իշխանությունների կողմից բնի մեջ խեղդվում էին: Պետք է նշել, որ Կրեմլն Էստոնիայի, ինչպես նաև Մերձբալթյան մնացած երկրների հանդեպ վարում էր հատուկ ռուսաֆիկացման քաղաքականությունը: Պատմաբանները նշում են, որ ինչպես Լատվիայում և Լիտվայում, այնպես էլ Էստոնիայում զանգվածային աքսորներից հետո գնացքներով ռուսներ էին բերվում, ովքեր բռնադատվածների ապրելու վայրերում էին բնակեցվում: Էստոնիան դեմոգրաֆիական լրջագույն խնդիրների առջև էր կանգնել: Տարբեր տվյալների համաձայն Էստոնիան խորհրդային օկուպացիայի ժամանակաշրջանում կորցրել էր իր բնակչության շուրջ 25%-ը: Բացի այդ Էստոնիան ունեցավ նաև տարածքային կորուստներ: 1947 թ. Էստոնիայից խլվեց և Ռուսաստանին միացվեց Բեստսերի շրջանը, որը կազմում էր այդ երկրի տարածքի շուրջ 5%-ը:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում կրեմլյան քարոզչությունն ամբողջ թափով գործի էր անցել: Անընդհատ նշվում էր արևմուտքի հետ սպասվող պատերազմի մասին: Այդ իսկ պատճառով Էստոնիան, որը միության կազմում ծայրամասային երկիր էր համարվում, դարձել էր միության ամենառազմականացված տարածքներից: Էստոնիայի տարածքում կային խորհրդային ռազմական բազաներ, որտեղ ծառայում էին հարյուր հազարավոր զինվորներ: Բացի այդ, էստոնացի պատանիները ստիպված էին խորհրդային Կարմիր բանակի կազմում ծառայություն անցնել:
Խորհրդային օկուպացիայից հետո վերափոխվեց էստոնական տնտեսությունը: Ընդհանրապես, պետք է նշել, որ անկախության շրջանում էստոնական տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր: Օկուպացիայից հետո, սակայն, առկա տնտեսական մոդելը լիովին ոչնչացվեց: Երկրի գյուղատնտեսությունը բռնի կոլեկտիվացման էր ենթարկվում: Արդյունաբերության ոլորտում մտցվեց պլանային տնտեսության մոդելը: Ամբողջ երկրում սկսեց գործել թիմային տնտեսության մոդելը: Զարկ էր տրվում ռազմական արդյունաբերությանը և գործարանների բացմանը: Այդ ամենն ուղեկցվում էր այլ երկրներից աշխատուժի ներմուծմամբ: Ընդհանուր առմամբ, տնտեսական այսպիսի քաղաքականությունը և ազատ շուկայական հարաբերությունների բացակայությունը հանգեցրեց պարենամթերքի պակասի, որն ազդում էր էստոնացիների կենսապայմանների վրա: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում Էստոնիան համեմատության մեջ համարվում էր ԽՍՀՄ ամենազարգացած երկրներից մեկը: Պատահական չէ, որ Էստոնիան համարվում էր «Խորհրդային արևմուտք»: Չնայած երկաթյա վարագույրի առկայությանը, այնուամենայնիվ էստոնացիները պատկերացում ունեին արևմուտքի երկրների կյանքի և բարձր կենսապայմանների մասին, քանի որ նրանց տարածքում հեռարձակվում էին ֆիննական հեռուստալիքներ, ինչպես նաև բռնաճնշումների ժամանակ երկիրը լքած էստոնացիները կարողանում էին կապ պահել սեփական հայրենակիցների հետ: Խորհրդային օկուպացիայի շրջանում էստոնացի ժողովուրդը բռնաճնշումների էր ենթարկվում: Բռնաճնշումների նպատակն էստոնացիներին վերջնականապես ծնկի բերելն էր: Ընդհանուր առմամբ, միայն ստալինիզմի ժամանակաշրջանում բռնաճնշումների և աքսորի էր ենթարկվել ավելի քան 30 հազար մարդ: Բռնաճնշումների գագաթնակետերը, բնականաբար, 1941թ. և 1949թ. զանգվածային աքսորներն էին:
Ստալինի մահից հետո ռեժիմը շարունակում էր հալածանքներն այլախոհների հանդեպ: Ֆիզիկական հաշվեհարդարներին գումարվում էր նաև հոգեբանական ճնշումները: Ռեժիմը փորձում էր հասարակությանը թելադրել սեփական դոգմատիկ գաղափարները, արժեհամակարգը: Լրջագույն գաղափարական ճնշումների էր ենթարկվում երկրի հոգևոր և մշակութային կյանքը: Հալածվում էին երկրի նախկին բուրժուազիայի ներկայացուցիչների մնացորդները և զինվորականները, որոնք համարվում էին ժողովրդի թշնամի: Այս ամենը կատարվում էր կոմունիստական քարոզչության ինտենսիվ ուղեկցությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը և Էստոնիայի կրկնակի Խորհրդային օկուպացիան իր ազդեցությունն ունեցավ նաև մշակույթի վրա: Էստոնական մշակույթը բաժանվեց երկու մասի: Առաջին մասն այն մշակույթն էր, որը գործում էր երկրում, իսկ երկրորդ մասը վտարանդիության մեջ հայտնված մշակութային գործիչներն էին: Արտասահմանում հայտնված էստոնացի գրողներն ավելի ազատ էին ստեղծագործում, մինչդեռ երկրում մնացած մշակութային գործիչները ստիպված էին դիմագրավել ռուսաֆիկացմանը և ստեղծագործական ազատությունների սահմանափակումներին: Էստոնիայի կոմունիստական իշխանությունը սկզբից ևեթ բացասական դիրք գրավեց էստոնական մշակույթի հանդեպ, քանի որ այն չէր տեղավորվում սոցիալիզմի դասակարգման մեջ: Ողջ խորհրդային ժամանակաշրջանում էստոնական մշակույթը ենթարկվում էր լրջագույն գաղափարական ճնշման: Առկա էր նաև գրաքննություն: Շարունակական ռուսաֆիկացման քաղաքականության պայմաններում, այնուամենայնիվ, էստոնական լեզուն հնարավոր եղավ պահպանել: Մշակույթից բացի լրջագույն հարվածի տակ էր նաև հոգևոր կյանքը: Հոգևոր և մշակութային կյանքի վերահսկողությամբ զբաղվում էր խորհրդային ԿԳԲ-ն: Այդ շրջանում լրջագույն բռնաճնշումների էր ենթարկվում էստոնական եկեղեցին: Երկրում գործում էին ուղղափառ և լյութերական ուղղվածության եկեղեցիները, որոնք հատուկ ծառայությունների ուժեղացված հսկողության տակ էին: Նրանց ներկայացուցիչները յուրաքանչյուր ամիս ստիպված էին հատուկ ծառայություններին ներկայացնել իրենց գործունեության հաշվետվությունը: Իշխանությունն ամեն ինչ անում էր, որպեսզի եկեղեցու ազդեցությունը հասարակության վրա աննշան լինի: Այդ նպատակին հասնելու համար 1960-ականներին նրանք ուժեղացրեցին աթեիզմի քարոզչությունը: Դրան գումարած եկեղեցական տոները փոխարինվում էին անհայտ ծագման միջոցառումներով: Այնուամենայնիվ, բռնաճնշումները և գաղափարական ճնշումը չկարողացան ծնկի բերել էստոնական եկեղեցին: Իշխանությունն այդ ժամանակ ամեն կերպ փորձում էր վերացնել փխրուն կապն արտասահմանի հետ, որպեսզի հասարակությունը չտեսնի արևմուտքի գիտական և տեխնոլոգիական առաջընթացը: Հետպատերազմյան շրջանում նաև ոչնչացվում էր այսպես կոչված «Բուրժուազիական ժառանգության» մնացորդները, որի ժամանակ ոչնչացվեց մինչ խորհրդային օկուպացիան եղած ամբողջ գեղարվեստական գրականությունը:
Մշակութային տեռորն իր բուն նպատակներն ուներ: Խորհրդային իշխանությունը խնդիր էր դրել ռուսաֆիկացնել Էստոնիան: Սակայն ի պատիվ էստոնացիների՝ պետք է նշել, որ նրանք կարողացան հաջողությամբ դիմադրել ռեժիմին:
Այսպիսով, խորհրդային իշխանությունը փորձում էր կյանքի բոլոր բնագավառներում վերահսկողություն սահմանել, ինչը, բնականաբար, էլ ավելի զայրացրեց օկուպացված Էստոնիայի քաղաքացիներին: Երկրում սկսվեցին ձևավորվել խմբեր, որոնք բացեիբաց դուրս եկան ռեժիմի դեմ պայքարի: Էստոնացիների զգալի մեծամասնությունը բավականին բացասական էր տրամադրված իշխող ռեժիմի հանդեպ: Հասարակության շրջանում նկատվում էր դիմադրության պասիվ և ակտիվ ձևերը: 1940-ականներին, գիտենք, որ էստոնացիների, ինչպես նաև լատվիացիների և լիտվացիների շրջանում կար հզոր պարտիզանական շարժում՝ ի դեմս «Անտառային եղբայրների»: Պարտիզանական շարժումը 1940-ականների և 1950-ականների սկզբին պարտություն կրեց, քանի որ խորհրդային իշխանությունը պարտիզանների դեմ էր ուղարկում ՆԿՎԴ-ի կանոնավոր զորաջոկատներ:
Պարտիզանական պայքարին զուգընթաց և դրանից հետո երկրում ձևավորվեցին առաջին երիտասարդական ընդհատակյա կազմակերպությունները և խմբավորումները: Այդ խմբավորումներին հատուկ էր հստակ կարգապահությունը, տարբերանշանների առկայությունը: Նրանց անդամները շատ դեպքերում զինված ուսանողներ էին: 1960-ականների սկզբներին ուսանողական ընդհատակյա խմբավորումներին փոխարինելու եկան ժողովրդավարական երանգ կրող խմբավորումները: Քաղաքական պայքարում հասունացել էր դիսիդենտական պայքարի ժամանակաշրջանը: Էստոնացի հայտնի դիսիդենտներից էին Էնդել Ռատասը(1959-1963թթ., քաղբանտարկյալ), ով «Էստոնացիների ազատության պայքարի» ընդհատակյա կազմակերպության անդամներից էր, Մարտ Նիկլուսը (1958-1966թթ., 1980-1988թթ., քաղբանտակյալ) և Էնն Տարտոն: Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ 1960-70-ականներին դիսիդենտական, գաղափարական պայքարը բոլոր խորհրդային երկրներում էր առկա, և տարբեր ազգերի դիսիդենտները կարողանում էին միմյանց հետ կապվել և խմբեր ստեղծել, ինչպես նաև սոլիդարություն հայտնել միմյանց: Հենց այդ շրջանի դիսիդենտական թոհուբոհով անցած գործիչները և քաղբանտարկյալները կարողացան գլխավորել 1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում սկսված տարերային ժողովրդական ընդվզումները: Այդ ժամանակ պայքարողների շրջանակներում իշխում էր այն տեսակետը, որ առանձին մեկ ազգ իվիճակի չէ կործանել կայսրությունը և անհրաժեշտ է միավորել ջանքերը: Այդ իսկ պատճառով խորհրդային դիսիդենտների համար առանձնակի կարևորություն էր ստանում Էստոնիայի ազատագրման հարցը: Այդ համոզմունքի տարածմանն էր նաև նպաստում սփյուռքում գործող էստոնական խմբավորումների հսկայական աշխատանքը, ովքեր ընդհանրապես փորձում էին Մերձբալթյան երկրների հարցը բարձրացնել միջազգային ասպարեզում: Համընդհանուր ռուսաֆիկացման և տեղեկատվության վերահսկողության մթնոլորտում էստոնացիներն ամեն կերպ փորձում էին տեղեկությունները ստանալ արևմուտքի երկրների կյանքից: Այդ առումով, հսկայական դեր ունեին Հյուսիսային Էստոնիայում հեռարձակվող ֆիննական հեռուստալիքները, ինչպես նաև «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, «Ամերիկայի Ձայնը» և «BBC world service»-ը:
1970-ականներին կոմունիստական իշխանությունն ուժեղացրեց ռուսաֆիկացման քաղաքականությունը: Նախ, պետք է նշել, որ փոխվել էր վարչակարգը և ասպարեզ էր եկել Կրեմլին ավելի լոյալ վարչակարգ և երկրում ուժեղացել էին հալածանքները այլախոհների հանդեպ: Այդ ժամանակաշրջանի Էստոնիայում ռուսախոս բնակիչներն ավելի լայն արտոնություններ ունեին, քան այն մարդիկ, ովքեր խոսում էին էստոներեն: Այդ շրջանում ռուսաֆիկացման քաղաքականության ուժեղացման հետ մեկտեղ նաև ակտիվացան էստոնական մշակույթի այն տարրերը, ովքեր դիմադրում էին կոմունիստական գաղափարական ճնշմանը և դեռևս ազատության մեջ էին: Նրանք իրավիճակից անհանգստանալով սկսեցին պայքար մղել, որպեսզի իշխանությունը մի փոքր թեթևացնի համընդհանուր գաղափարական և մշակութային տեռորը: Պայքարի հիմնական ձև ընտրվեց իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանն ուղերձներ հղելը: 1980թ. էստոնական մշակույթի 40 գործիչ նամակ հրապարակեց Կրեմլին, որում իրենց խոր անհանգստությունն էին արտահայտում ռուսաֆիկացման քաղաքականության և երկրում իրականացվող մշակութային տեռորի հանդեպ: Պետք է նշել նաև այն, որ երկրում սկսել էին գործել ընդհատակյա իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք գաղտնի կերպով կարողանում էին տվյալներ հավաքել մարդու իրավունքների համատարած խախտումների մասին և ուղարկել դրանք արտասահմանյան միջազգային կազմակերպություններին:
Այսպիսով, կարելի է նշել, որ չնայած համատարած բռնաճնշումների քաղաքականությանը, այնուամենայնիվ, Էստոնիայում կային որոշակի խմբեր, որոնք կարողացան դիմագրավել ռեժիմին, և արդեն 1980-ականների վերջին, ինչպես շատ ԽՍՀՄ երկրներում, այնպես էլ Էստոնիայում սկսվեց համաժողովրդական մի շարժում, որը վերջ դրեց երկրում կոմունիստական բռնապետությանը:
Դավիթ Ֆիդանյան