Աշուն էր… Երևանյան փողոցները գրեթե դատարկ էին: Մարդիկ նախընտրում էին իրենց օրն անցկացնել տանը. տարեցներն նախընտրում էին մեկ բաժակ թեյ ըմպել և գիրք ընթերցել, կանայք հավաքվում էին հարևաններից մեկի տանը և սուրճի սեղանի շուրջ սկսում էին քննարկել իրենց սիրելի սերիալի նախորդ սերիան` չմոռանալով գովաբանել կամ անիծել սերիալի այս կամ այն կերպարին, տղամարդիկ նախընտրում էին թղթախաղը, խաղում էին ու խաղում, անդադար ծխում էին, բարձր քրքջում և հայհոյում ու երբեմն, մոռանալով ժամանակի մասին, գիշերն լուսացնում էին ընկերոջ տանը, դեռահասներն ու երիտասարդները իրենց օրն անցկացնում էին համացանցում, անընդհատ գրում էին ֆեյսբուքյան իրենց այս կամ այն ընկերոջը, որոնց իրական կյանքում երբեք չէին տեսել, բակերում չկային երեխաներ, ամեն ինչ մռայլ էր ու միապաղաղ: Աշնանային մռայլ մի երեկո Երևանում սկսեց հորդառատ անձրև տեղալ և անձրևը խորհրդավոր տխրություն իջեցրեց քաղաքի վրա: Քաղաքում կրկին հայտնվեցին ջրափոսեր, որոնց շրջանցող մարդիկ ակամայից վերածվում էին ակրոբատների ու նրանց շարժումներն ինչ-որ ծիծաղելի պարի էր նմանվում: Փողոցներից մեկով երեսունին մոտ մի կին քայլում էր այնպես դանդաղ ու հանգիստ, կարծես անձրևի կաթիլներն նրան չէին անհանգստացնում: Թվում, թե նա ժպտում է, սակայն նրա աչքերում մեծ թախիծ կար, շատ մեծ: Նա քայլում էր լուռ և ոչինչ չէր նկատում, բայց հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մի տերև,որը, պոկվելով ծառից, մի քանի պտույտ կատարեց երկնքում և սկսեց ցած ընկնել, հանկարծ նրան միացավ մեկ այլ տերև, ու նրանց անկանոն պտույտները կնոջը սիրահար զույգի պար հիշեցրին, նա ակամայից ցնցվեց, սիրտը սկսեց արագ բաբախել, բայց այդ պահին տերևներն իրարից բաժանվեցին. կինը սթափվեց ու ցածր ձայնով շշնջաց.
- Կրկին բաժանում:
Թագուհու կեցվածքով այդ կինն շարունակեց իր ճանապարհը հպարտ, բայց միևնույն ժամանակ շատ տխուր հայացքը երկինք հառած: Անձրևն էլ ավելի ուժեղացավ և տխուր հայուհին, նկատելով դա, մտավ առաջին իսկ պատահած սրճարանը: Սրաճարանում սովորականից շատ մարդ կար. Սեղաններից մեկի մոտ նստած էին երկու գործարարներ, ովքեր փոխշահավետ գործարք կնքելուց հետո կոնյակ էին խմում և մտերմիկ զրուցում, հաջորդ սեղանի մոտ մի երիտասարդներ անդադար ծխում էին և քննարկում այդ երեկո կայանալիք ֆուտբոլային խաղում, որ թիմի օգտին պետք է խաղադրույք կատարեն, մեկ այլ սեղանի մոտ նստած էին սիրահարներ ու նրանց հուզված ու կարմարած դեմքերից դժվար չէր կռահել,որ դա նրանց առաջին հանդիպումն էր: Մտնելով սրճարանը` կինը սկսեց ազատ սեղան փնտրել ու նկատեց, որ անկյունի սեղանն ազատ է: Նա հանգիստ քայլերով մոտենում էր այդ սեղանին, երբ հանկարծ ականջին հասավ մի նախադասություն, որից նա ցնցվեց.
-Աննա, ես, ես, քեզ սիրում եմ,-ասաց տղան ու ցանկանալով բռնել աղջկա ձեռքը` հուզմունքի ու շփոթվածության արդյունքում գցեց գինու շիշը, ու ողջ սեղանը ներկվեց կարմիր գույնով: Կինը նկատեց դա, ու ակամայից նրան պարուրեցին շատ թանկ ու ջերմացնող հիշողություններ, բայց նույն վայրկյանին նա սթափվեց և հասնելով սեղանին` ընկավ աթոռի վրա:
Շարունակելի