Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԵՄ-ի հետ բանակցությունները մտնեն փակուղի, ապա իրենք այդ հարցով հանրաքվե կանցկացնեն, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Բնականաբար, ԵՄ-ի հետ բանակցությունների ավարտից հետո Թուրքիայի իշխանությունները կդիմեն ժողովրդի կարծիքին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հունիսի 30-ին բացվելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության 33-րդ բանակցային գլուխը: Չավուշօղլուն քննադատել է ԵՄ-ին՝ վիզային ռեժիմի ազատականացում չտրամադրելու համար: Նա հիշեցրել է, որ Թուրքիան կատարել է 72 պահանջներից 67-ը կամ 69-ը, ինչի համար էլ «չպետք է արժանանար նման վերաբերմունքի»:
«Նման անարդար վերաբերմունքին արժանացել է նաև հարևան Վրաստանը: Չնայած Թբիլիսին կատարել է բոլոր պայմանները` Վրաստանն այդպես էլ չի կարողացել հասնել ցանկալի արդյունքի»,- ասել է նա: