Վերջին մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի բնակչությունն ավելացել է կես միլիոնով՝ ցույց են տալիս Բրիտանիայի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալները։ Այս մասին հայտնում է BBC-ն։

2015 թվականի հունիսի տվյալներով՝ երկրում բնակվել է 65.1 մլն մարդ, ինչը 513 հազարով ավելի է, քան 2014 թվականի նույն շրջանի ցուցանիշը: Երկրի բնակչության աճի տեմպերը կազմել են 0.8 տոկոս։ Աճ դիտվում է վերջին 10 ամիսներին։

Բնակչության աճի պատճառներից մեկը դարձել է երկիր ներգաղթյալների հոսքը։ Մեկ տարում միգրացիան երկիր կազմել է 335.6 հազար։ Սակայն Բրիտանիայում դիտվում է նաև բնական աճ՝ ծնելիությունը գերազանցում է մահացությունը։ Անցած տարի բնակչության բնական աճը կազմել է 171.8 հազար մարդ։ 2015-ին աճի ծավալը նվազել է։

Գերատեսչությունում նշել են, որ երկրի բնակչությունը շարունակում է ծերանալ։ Այժմ Մեծ Բրիտանիայում ապրում է 65-ից բարձր տարիքի ավելի քան 11.6 մլն մարդ, ինչը կազմում է երկրի ողջ բնակչության 17.8 տոկոսը։ Նրանցից 1.5 միլիոնը մեծ է 85 տարեկանից. դա կազմում է ողջ բնակչության 2.3 տոկոսը։

Վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ 2005 թվականի համեմատ 65 տարեկանից բարձր բնակչության թվաքանակը աճել է 21 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել