Թմրանյութերի օգտագործման հետ կապված հիվանդություններից ու շեղումներից տառապող մարդկանց թիվը գերազանցել է 29 միլիոնը։ Ինչպես նշվում է Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության ամենամյա զեկույցում՝ վերջին 6 տարում առաջին անգամ գրանցվում է անհամաչափ աճ (բնակչության թվի մեծացման համեմատ)։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Փաստաթղթում նշվում է, որ մոլորակի մեծահասակ բնակչության մոտ 5 տոկոսը՝ գրեթե 250 մլն մարդ, 2014 թվականին օգտագործել է արգելված նյութերն առնվազն 1 անգամ։ Բացի դրանից՝ 12 մլն մարդ օգտագործում է թմրանյութերը ներերակային տարբերակով, նրանցից 14 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով՝ նշում են փորձագետները։

Հերոինային թմրամոլությունն ավելի ու ավելի տարածված է դառնում Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Այնտեղ դիտվում է ինչպես կախվածություն ունեցողների թվի, այնպես ել գերդոզավորումից մահվան դեպքերի կտրուկ աճ։ Հերոինը ամենամեծ թվով մարդկանց սպանող թմրանյութ է։

Նախկինի նման, ամենատարածված թմրամիջոց է մարիխուանան։ 2014 թվականին այն գոնե մեկ անգամ օգտագործել է 250 մլն մարդուց 183 միլիոնը։

ՄԱԿ-ում տագնապ է առաջացնում այն փաստը, որ երկրներում, հիմնականում արևմտյան, աճում է մարիխուանայի օգտագործման հանրային ընկալումը, ինչը նպաստում է կախվածություն ունեցող մարդկանց թվի աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել