Panorama.am-ը գրում է.
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը հունիսի 22-ին բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և «Նոր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվեց երկու ամսով: Սեֆիլյանի պաշտպանական կողմը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել կալանքի մասին որոշումը:
«Սա անհիմն և ապօրինի որոշում էր, որի հիմքում միայն ու միայն քաղաքական ենթատեքստ կա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման գնահատական տվեց Սեֆիլյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ Գևորգ Դավթյանը՝ ընդգծելով, որ Սեֆիլյանը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Նրա խոսքով, կալանքի որոշման հիմքում որևէ «բովանդակային և նյութական հիմնավորում չի եղել»: Փաստաբանի պնդմամբ, Սեֆիլյանը չէր կարող թաքնվել կամ խուսափել քննչական գործողություններից:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Սեֆիլյանը կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, ըստ աղբյուրի, Ժիրայր Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



