Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է լեհ պաշտոնատար անձանց հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսի ժամանակ։
Գերմանիան, ինչպես ընդգծել է Մերկելը, հանդես է գալիս հօգուտ Ռուսաստանի հետ մշտական երկխոսության։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բեռլինը Եվրոպայի սահմանների մոտ տեսնում է «նոր սպառնալիքներ», և այդ իսկ պատճառով մտադիր է մեծացնել ռազմական ծախսերն ու ամրապնդել ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը։
«Կառավարությունն ընդհանուր առմամբ համաձայն է ՆԱՏՕ-ի որոշման հետ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է պաշտպանական ծախսերին հատկացնենք ՀՆԱ 2 տոկոսը։ Ես կարծում եմ, որ դա աջակցություն կստանա ողջ կառավարության կողմից… այսինքն՝ դա կառավարության դիրքորոշումն է»,- հավելել է կանցլերը։
Մերկելի հայտարարությունը հնչել է երեք օր անց այն բանից, երբ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերը Եվրոպային կոչ է արել չսրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ «զենք ճոճելով և ռազմական բացականչություներով»։ Նախարարի կարծիքով՝ զինվորականներն այլևս անվտանգություն չեն ապահովում ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին։ Դրա փոխարեն պետք է ակտիվորեն երկխոսություն վարել Մոսկվայի հետ՝ վստահություն էր հայտնել Շտայնմայերը։



