2012 թ. վերջից ադրբեջանցի իսլամականների մասին համացանցում զետեղված հրապարակումներն ու տեղեկությունները վերլուծելիս որոշակի պատկեր է ուրվագծվում ադրբեջանցիների Մերձավոր Արևելքում հայտնվելու ուղիների, Սիրիայում և Իրաքում ընթացող հակամարտություններում նրանց ռազմական պատրաստվածության, ջիհադական պայքարի արեալների, քանակի և այլնի վերաբերյալ:

Ըստ այդմ կարելի է եզրակացնել, որ՝
Ադրբեջանցի ջիհադականները բավական բուռն արձագանքեցին Մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող ջիհադին մասնակցելու կոչին՝ սկսելով դուրս գալ Ադրբեջանից և շարժվել դեպի Մերձավոր Արևելք:

Հիմնական ճանապարհն ընկած էր Թուրքիայով, որտեղ նրանք հասնում էին ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհներով: Այստեղ գտնվող ճամբարներում նրանք անցնում էին ռազմական պատրաստություն, որից հետո տեղափոխվում Սիրիա:

Ադրբեջանցիները հիմնականում ներգրավված էին և այժմ էլ բավական մեծ թիվ են կազմում Սիրիայի Հալեպ և Իդլիբ նահանգներում (այսինքն Թուրքիայի սահմանին մոտ)՝ մասնակցելով սկզբնական շրջանում բուն ադրբեջանցիներից և կովկասցիներից (չեչեններ, դաղստանցիներ և այլք) բաղկացած ջոկատներով տեղում ընթացող ռազմգործողություններին: Հետագայում նրանք արդեն որպես Իսլամական պետության և այլ խմբավորումների զինվորներ ընդգրկվեցին Սիրիայի և Իրաքի այլ հատվածներում տեղի ունեցող ճակատամարտերին:

Ադրբեջանցիներն այնքան էլ լավ չեն յուրացնում ռազմական գործը, քանի որ մի շարք բախումներում կովկասցիների կազմում գրանցվել են ավելի շատ զոհեր հենց ադրբեջանցիների շրջանում: Ունեցած տվյալները հիմք են տալիս եզրակացնել, որ Մերձավոր Արևելքում ընթացող ջիհադին մասնակցել են 600-700 ադրբեջանցիներ, որոնց շրջանում արդեն կան մոտ 200 սպանվածներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել