Վերջին օրերին սոցցանցերում թեժ քննարկման թեմա են դարձել Հայաստանում կենսաչափական անձնագիր ստանալու հետ կապված խնդիրները: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացիները, ովքեր արդեն իսկ սովորական անձնագրերը փոխարինել են ID, այսինքն նույնականացման քարտով` դիմում են ներկայացնում կենսաչափական անձնագիր ստանալու համար, բայց քաղաքացիների դիմումները մերժվում են: Սակայն այստեղ լուրջ խնդիր է առաջացնում այն հանգամանքը, որ միայն կենսաչափական անձնագրով է հնարավոր ՀՀ քաղաքացիների ելումուտը արտասահմանյան երկրներ:
Պարզաբանման ակնկալիքով Blognews-ի խմբագրությունը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության հետ, որտեղից էլ մեր հարցերի պատասխանները ստանալու համար հղում արեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչություն:
Ա. Ահարոնյանը նշեց, որ այս հարցի շուրջ համացանցում արդեն կա ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի պարզաբանումը, ըստ որի`այս պահին կենսաչափական անձնագրերի ստացման հետ կապված խնդիրներ, այո՛, կան և դա է պատճառը, որ քաղաքացիների դիմումները չեն ընդունվում: Սակայն ըստ այդ տեղեկատվության Բիչախչյանը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը: Չի նշվում նաև խնդրի կարգավորման մոտավոր ժամկետը: Բիչախչյանի պնդմամբ` մարդկանց այլընտրանքային հնարավորություն են տալիս: «Որպեսզի քաղաքացին երկրից դուրս գալու իրավունքն իրացնի` մենք դիմում ենք ընդունում և սովորական անձնագիր ենք տալիս: Սովորական անձնագրով մարդիկ հանգիստ ճամփորդում են, խնդիրներ չունեն նաև այն մարդիկ, ում անձնագրերը դեռևս ժամկետի մեջ են»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ եվրոպական երկրներ մուտք գործել հնարավոր չի լինում, Բիչախչյանը պատասխանեց. «Խնդիր է առաջանում այն դեպքում, երբ մենք սովորական անձնագիրը տալիս ենք և 5 տարով էլ երկարացնում ենք: Եվրոպայում անձնագրերի երկարացման օրենքը չի գործում, իսկ եթե առանց երկարացման ես ստանում, ապա խնդիր չկա»: Համոզվելու համար այս տեղեկության հավաստիության մեջ, մենք կապ հաստատեցինք ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Մալաթիայի անձնագրային բաժանմունք` փորձելով պարզել՝ արդյո՞ք ոչ մի խնդիր չկա արտասահման մեկնելու հետ կապված, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը.«Չկա բացարձակ ոչ մի խնդիր, եթե ձեր անձնագիրը ժամկետի մեջ է, այն 5 տարով երկարաձգված չէ, ուրեմն համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու ու մուծումներ անելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում դուք կարող եք ստանալ ձեր անձնագիրը»:
Ի մի բերելով ողջ տեղեկատվությունը՝ պատկերը հետևյալն է. փաստորեն ստացվում է, որ արտասահմանյան գործուղումների ու ճանփորդությունների հետ կապված խնդիրներ ունեն միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնց անձնագրերի գործողության ժամկետը երկարացված է 5 տարով, իսկ բոլոր մյուս դեպքերում քաղաքացին հանգիստ կարող է ճանապարհորդել ՀՀ քաղաքացիությունը հաստատող հիմնական փաստաթղթով՝ ՀՀ անձնագրով:



