ՄԱԿ-ը հատկացրել է 15 մլն դոլար Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքի բնակիչներին արտակարգ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, որոնք տուժել են կառավարական զորքերի և ԴԱԻՇ-ի գրոհայինների միջև ռազմական գործողությունների արդյունքում: TASS-ը, հղում անելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը, հայտնում է, որ միջոցները հատկացնելու մասին որոշումն ընդունել է մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը:
«Էլ-Ֆալուջան լքող մարդիկ հուսահատ կերպով օգնության կարիք ունեն հենց հիմա՝ հենց այս րոպեին: Մենք պետք է արագ գործենք, քանի դեռ իրավիճակը չի վերածվել մարդասիրական աղետի: Այդ միջոցները ծայրահեղ կարևոր են, սակայն դա միայն փոքր մասն է նրա, ինչ շտապ անհրաժեշտ է»,- ասել է Օ’Բրայենը:
Ավելի վաղ ՄԱԿ-ը երկրներին և մասնավոր դոնորներին խնդրել է 861 մլն դոլար հատկացնել Իրաքում մարդասիրական գործողությունների իրականացման համար, բայց առայժմ ստացել է խնդրած գումարի միայն 36%-ը: Բացի դրանից՝ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ լրացուցիչ 61 մլն դոլար կպահանջվի Էլ-Ֆալուջայի բնակիչներին աջակցության համար:
ՄԱԿ-ում նշում են, որ վերջին ամսում իրաքյան քաղաքը ավելի քան 85 հազար մարդ է լքել: «Քաղաքում մնացած մարդիկ ունեն սննդի, դեղամիջոցների, էլեկտրաէներգիայի և մաքուր խմելու ջրի սուր կարիք»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:



