Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը 20-րդ դարի կարևորագույն փաստաթղթերից է, քանի որ հռչակում է այն հիմնարար իրավունքները, որով օժտված է յուրաքանչյուր ոք։ Հռչակագիրը մարդու իրավունքները դիտարկում է որպես բարձրագույն արժեք, որոնք պետք է ճանաչվեն և պահպանվեն բոլոր ազգերի և ժողովուրդների կողմից։
Հռչակագրի՝ որպես մարդու հիմնարար իրավունքները պարունակող մեկ միասնական փաստաթղթի անհրաժեշտությունն առաջացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ միջազգային հանրությունը, տեսնելով պատերազմական վայրագությունները, հասկացավ, որ մինչ այդ գոյություն ունեցող բոլոր փաստաթղթերը, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, բավարար չեն մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար։ Ուստի, աշխարհի առաջնորդները ձեռնամուխ եղան համընդհանուր պայմանագրի ստեղծմանը, որը կթվարկեր մարդու հիմնարար իրավունքները։
Այդ փաստաթուղթը, որը հետագայում կոչվելու էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, 1946 թվականին ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի առաջին նստաշրջանին: Ասամբլեան ուսումնասիրեց նախագիծը, որն ի սկզբանե կոչվում էր Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների Հռչակագիր և փոխանցեց Տնտեսական ու սոցիալական խորհրդին, որն էլ հղում կատարեց Մարդու իրավունքների հանձնաժողովին քննարկման և իրավունքների միջազգային օրինագծի պատրաստման համար։ Հանձնաժողովն առաջին նստաշրջանում իր անդամներին լիազորեց կազմել Մարդու իրավունքների միջազգային օրինագծի նախնական նախագիծ։ Այնուհետև աշխատանքը շարունակվեց պաշտոնական մշակման կոմիտեի կողմից, որը ստեղծվեց 1946 թվականի ապրիլին։ Այն բաղկացած էր Հանձնաժողովի 8 անդամներից` 8 պետություններից, որոնք ընտրվել էին ըստ աշխարհագրական տեղաբաշխման։
Մարդու իրավունքների հանձնաժողովը կազմված էր 18 անդամներից, որոնք ունեին տարբեր քաղաքական, մշակութային և կրոնական գործունեության փորձ։ Էլեոնոր Ռուզվելտը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կինը, նախագահում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մշակման կոմիտեն։
Հանձնաժողովն առաջին անգամ հանդիպեց 1947 թվականի հունվարին և քննարկեց մի շարք հարցեր։ Հանձնաժողովի որոշումները հիմնականում վերաբերում էին մարդու իրավունքների զարգացմանը, այդ թվում՝ ազգային մակարդակով գործողություններ կատարելուն։ Հանձնաժողովը որոշեց նաև, որ փաստաթուղթը պետք է լինի հռչակագիր, այլ ոչ թե պայմանագիր։ Եվ, հավանաբար,ամենակարևոր որոշումը, որը կայացվեց հանդիպման ընթացքում այն էր, որ հռչակագիրը պետք է պարունակեր և՛ քաղաքացիական ու քաղաքական, և՛ տնտեսական ու սոցիալական իրավունքներ։
Հանձնաժողովը համարում էր, որ հռչակագիրը պետք է լիներ կարճ և ոգեշնչող մի փաստաթուղթ, որը կկիրառվեր խորհրդային մարդկանց կողմից։ Այսպիսով, Հանձնաժողովը սկսեց կազմել հռչակագիրը, որն անվանվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (ՄԻՀՀ)։ Հռչակագրի անունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ դրա նպատակն ամենուր և բոլոր մարդկանց համար իրավունքների նույնական չափորոշիչ սահմանելն է՝ անկախ կին կամ տղամարդ, սևամորթ կամ սպիտակամորթ, կոմունիստ կամ կապիտալիստ, հաղթող կամ պարտվող, հարուստ կամ աղքատ, հասարակության մեծամասնության կամ փոքրամասնության անդամ լինելուց։ Վերջինս արտացոլվել է ՄԻՀՀ նախաբանում.
«…մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասարության օտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է․․․»։
Հռչակագրի հիմնական տեքստում տեղ է գտել մարդու հիմնարար իրավունքները համապարփակ կերպով ներառող 30 հոդված:
1948 թվականի հունիսի 18-ին Մարդու իրավունքների հանձնաժողովը հռչակագրի վերջնական նախագիծը դրեց քվեարկության։ Հանձնաժողովի 15 անդամներից 12-ը կողմ քվեարկեցին։ Խորհրդային Միությունը, որը ներկայացված է եղել երկու պետություններով՝ Ուկրաինայի ԽՍՀ-ով և Բելառուսի ԽՍՀ-ով, և Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետությունը ձեռնպահ մնացին։ Այնուհետև նախագիծն ուղարկվեց Տնտեսական և սոցիալական խորհրդին, որը տեքստն առանց փոփոխելու ուղարկեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Երրորդ կոմիտեին, որտեղ հանդիպեց խոչընդոտների։
81 երկարատև հանդիպումներից հետո, որոնց ընթացքում քննարկվեց փոփոխությունների 168 բանաձև, կոմիտեն, ի վերջո, 1948 թվականի դեկտեմբերի 6-ին համաձայնություն ձեռք բերեց. նախագիծը Գլխավոր Ասամբլեային ներկայացնելու ճիշտ ժամանակն էր։
1948 թվականի դեկտեմների 10-ին Փարիզում Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ 48 կողմ, 0 դեմ և 8 ձեռնպահ ձայներով (Խորհրդային Միություն, Ուկրաինայի ԽՍՀ, Բելառուսի ԽՍՀ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն, Լեհաստանի Ժողովրդավարական Հանրապետություն, Հարավաֆրիկյան Միություն, Չեխոսլովակիա, Սաուդյան Արաբիայի Թագավորություն): Ասամբլեան հոտնկայս ծափահարություններով բացառիկ գնահատանքի արժանացրեց տիկին Ռուզվելտին։
Չնայած նախնական դժվարություններին և խոչընդոտներին՝ հռչակագիրն այժմ այնպիսի արժեք է ձեռք բերել ողջ աշխարհում, որ այն նախագծողներն անգամ չէին կարող նման արդյունք կանխատեսել: Հռչակագիրն ընդունվել է այնպիսի պետությունների կողմից, որոնք մշտապես կասկածամտորեն են մոտեցել համամարդկային հիմնարար իրավունքներին։ Հռչակագիրը թարգմանվել է հարյուրավոր լեզուներով և բարբառներով, որի շնորհիվ 2009 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանել որպես ամենաշատ թարգմանված փաստաթուղթ։ Բացի այդ, հռչակագրում ներառված իրավունքները դարձել են միջազգային սովորութային իրավունքի մաս։ Սա նշանակում է, որ հռչակագրի դրույթները պարտավորեցնում են աշխարհի բոլոր պետություններին միջազգային սովորութային իրավունքի ուժով, և վերջիններս չեն կարող հրաժարվել դրանցից՝ անկախ իրենց տեսակետից, որն էլ հնարավորություն է տալիս դիվանագիտական և բարոյական ճնշում գործադրել այդ դրույթները խախտող պետությունների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով էլ նրանք, ովքեր մշակել և ընդունել են ՄԻՀՀ-ը մնայուն ժառանգություն են թողել մարդկությանը, որը մշտապես հզորացող գործիք է համամարդկային արժանապատվության և խաղաղության հասնելու համար։
Աստղիկ Մաթևոսյան