Չինաստանում երիտասարդ կնոջ ձախ ոտքը երկարացրել են 23 սանտիմետրով: 21-ամյա Սյույ Հուանը դեռ երեխա ժամանակից տառապել է ոսկորների վարակով: Նրա ազդրի ոսկորն ախտահարված է եղել մանրէներով:

Այդ պատճառով աղջկա ձախ ոտքն աջից 23 սանտիմետրով կարճ է եղել, իսկ դա նշանակել է, որ նա իր կյանքի մեծ մասը պետք է հենակների օգնությամբ տեղաշարժվեր:

«Նրա վիճակը շատ ծանր էր: Ոչ միայն աղջկա ոտքն էր կարճ, այլև նրա ծնկի և կոնքազդրային հոդերը բավականաչափ զարգացած չէին, անհրաժեշտ էր դրանք փոխարինել»,- ասում է վիրաբույժ Հու Յուհը:

Բժշկի խոսքով՝ բուժման ծրագիրը բաղկացած է եղել երկու փուլից:

Առաջին փուլը եղել է ձախ ոտքի երկարացումը, իսկ երկրորդ փուլում վիրահատություն է արվել, որի ժամանակ փոխարինվել են ձախ ծնկի եւ կոնքազդրային հոդերը:

2012-ի հոկտեմբերից 2013-ի հոկտեմբերը Սյույը ենթարկվել է 4 վիրահատության: Նրա ոտքը երկարացնելու համար ստորին ձախ վերջույթի մեջ լայնացուցիչ է տեղադրվել:

Սյույն ամեն օր շրջել է պտուտակը, որպեսզի քիչ-քիչ ձգի ոսկորը:

Ոտքը երկարացնելու համար Սյույին մեկ տարի է անհրաժեշտ եղել: Դրանից հետո նրան հոդերի փոխարինման վիրահատություն է արվել: Աղջկա բուժումն ավարտվել է այս տարվա փետրվարի վերջին, և բժիշկների խոսքով՝ մի քանի ամիս վերականգնվելուց հետո նա կկարողանա նորմալ քայլել:



