Հայտնի է, որ երկար ժամանակ համակարգչի կամ հեռուստացույցի առջև նստելը կարող է վնասել Ձեր տեսողությանը։ Չորություն, գլխացավ, քոր. ծանոթ երևույթներ են, այնպես չէ՞։ Դժբախտաբար, ոչ բոլորս կարող ենք որոշ ժամանակով կտրվել համակարգչից և հանգիստ տալ մեր աչքերին։

Ձեզ ենք ներկայացնում 10 պարզ վարժություններ, որոնք կօգնեն Ձեր աչքերին հանգստանալ։ Փորձեք ժամանակ առ ժամանակ կրկնել այս վարժությունները և արդյունքն ակնհայտ կլինի։

Սևեռեք հայացքը մթության մեջ

Հենեք արմունկները սեղանին։ Փակեք աչքերը և ծածկեք դրանք ձեռքերի ափերով։ Հանգստացեք և այնուհետև սևեռեք հայացքը մթության մեջ։ Այս դիրքում մնացեեք մի քանի րոպե։

Մի կողմից մյուս կողմ շարժեք աչքերը

Նստեք կամ կանգնեք ուղիղ։ Դեպի առաջ նայեք։ Առանց գլուխը շարժելու՝ ձախ նայեք և ուշադիր սևեռեք աչքերը որևէ առարկայի վրա։ Ապա թեքեք աչքերը աջ և կրկնեք նույն գործողությունը։ Կատարեք վարժությունը 15 անգամ։

Վերևից ներքև շարժում

Նստեք կամ կանքնեք ուղիղ։ Այնուհետև հայացքն ուղղեք դեպի ներքև, ապա ՝ վերև։ Կրկնեք վարժությունը 15 անգամ։

Շարժեք աչքերն անկյունագծով

Ուղիղ դեպի առաջ նայեք։ Ուղղեք հայացքը դեպի ներքև և ձախ։ Այնուհետև շարժեք աչքերը անկյունագծով՝ դեպի վերև և աջ։ Սևեռեք հայացքը որևէ առարկայի վրա։ Կրկնեք վարժությունը 5 անգամ, եկեք ելման դիրքի և նորից կրկնեք ողջ շրջանը՝ 3  անգամ։

Շրջանով պտտեք աչքերը

Նստեք ուղիղ և հանգիստ դիրքով։ Նայեք դեպի ձախ և դանդաղորեն սկսեք պտտել աչքերը 5 անգամ ժամացույցի սլաքի ուղղությամբ, 5 անգամ՝ հակառակ։ Կրկնեք շրջանը 3 անգամ։

Հեռու և մոտ

Սևեռեք Ձեր հայացքը մոտակայքում գտնվող յուրաքանչյուր առարկայի վրա։ Այն պետք է լինի 20-30 սմ հեռավորության վրա Ձեր աչքերից։ Այնուհետև նայեք հեռվում դրված ինչ-որ բանի։ Աշխատեք դիտել այն ամենայն մանրամասնությամբ։ Փոխեք առարկաները 5 անգամ։ Կրկնեք շրջանը 3 անգամ։

Կենտրոնացում #1

Նստեք ուղիղ, նայեք դեպի առաջ։ Սևեռեք հայացքը դեպի ունքերի մեջտեղի հատվածին։ Կենտրոնացած նայեք մի քանի վայրկյան։ Հանգստացեք։ Այնուհետև նորից շարունակեք կատարել գործողությունը՝ 15 անգամ։

Կենտրոնացում #2

Նստեք ուղիղ, նայեք դեպի առաջ։ Սևեռեք հայացքը դեպի քթի ծայրը։ Կենտրոնացած նայեք մի քանի վայրկյան։ Հանգստացեք։ Շարունակեք կատարել գործողությունը 15 անգամ։

 

Մերսում #1

Փակեք աչքերը։ Այնուհետև փակված վիճակում ամուր սեղմեք դրանք 2-3 վայրկյան։ Հանգստացեք։  Կրկնեք վարժությունը 10 անգամ։

Մերսում #2

Մերսում Փակեք աչքերը։ Մեղմորեն մերսեք աչքերը շրջանաձև եղանակով։ Ձեռքերով շատ թույլ կերպով սեղմեք։ 10 շրջանաձև մերսում կատարեք ՝ սկզբում ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա՝ հակառակ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել