ash and snow
    Ես հիվանդ ձեռքեր ունեմ: Հորս մահից հետո ձեռքերս հիվանդացան: Ես զգացի, որ չեմ կարողանում պայքարել հիվանդության հետ, որի հեղինակը ես էի: Իմ երկար ու գեղեցիկ մատները. մատներս հատ առ հատ արնահոսում են: Մաշկս միշտ պատռված է, կարմիր գլխիկները դուրս ցցած վարդիկներ կան ձեռքերիս… թվում է` մի քիչ էլ ու ծիլ տված ծաղիկները կբողբոջեն: Թարմ ցողած արյամբ իմ ձեռքերը: Նրանք խեղճ են, պապ: Ես սովորեցի մատներով նվագել բանաստեղծությունը: Ցավից բութ մատս դժվարությամբ է ծալվում, որովհետև ծալքերից մեկի վրա թառել է ցավի բշտիկը, երբ բացում ես մատդ, ոնց որ ցավը օտարի մատների տակ կուչ եկած ստեղն լինի… ու օտարը սեղմում է, սեղմում է ստեղնը: Այ հիմա էլ մատս ծալել եմ, որ քեզ պատմեմ, պատմեմ ցավի մասին, ու չպարտվող արյան մասին, որ ինչ ուզում ես արա, ինչ լաթով ուզում ես խաբի, մեկ է, հոսում է, իսկ երբ արդեն իր կարիքն ես ունենում, հանկարծ լռում է:
    Ինքնագլուխ արյուն:
    Մի օր դպրոցում դիմակահանդես էր: Դե գիտես էնպիսիք, որի ժամանակ հոպարի տան արջերից իհարկե չկան, ու առյուծն էլ մի տեսակ այն չէ, որովհետև դպրոցի արջերը, պապ, ինչ-որ դեբիլ ժպիտ ունեն, որը պատվիրել է դպրոցի տնօրինությունը, մի պարզ պատճառով, որովհետև մենք երեխաներ ենք ու դրա համար էլ երջանիկ պետք է լինենք: Ես մի օր պետք է մտնեի տնօրենի մոտ ու առանց վախենալու, ուղիղ նայեի նրա աքչերին ու գոռայի.
    - Ես դժբախտ եմ:
    Ու էդ ժամանակ հոպարի տան արջը ինձ պարի կհրավիրեր: Ատամները կբացեր ու ինքնախաբկանքը ժպիտի նրան էնքան դուր կգար, որ ղուդուդ տալով ականջս` կժպտար: Մեծ թաթերը կդներ մանր ոտքերիս: Ու մենք, իրար վրա քայլելով, կպարեինք, ու ես իմ հերթին, լխճած ոտքս քարշ տալով գետնի վրայով, կսգայի քո մահը, արջը իր հերթին, ոտքի տակ զգալով ոսկորներիս ճտճտոցը, կպարեր անտառի կորուստը:
    Ես ոչինչ էլ չարեցի, պապ: Ուրախ ու երջանիկ նապաստակների, սարդ հերոսների ու միամիտ սկյուռերի շրջապատում ես միակն էի, որ ականջներ ու բերանը ցանցապատող ատամներ չունեի: Մտածում եմ, թե ձուկ լինեի, դասընկերներիս ոտքերի մոտ թավալ կգայի, ու այդ երջանիկ երեխաները վրաս ինչ փորձարկում ասես չէին անի. կհանեին գոտիները, խայծը կլիներ մանդարինի կլեպը ու էդպես կհռհռային ու կասեին.
    - Հապա, ձուկիկ, Մանե ձուկիկ, հապա, հապա…
    Ու կբարձրացնեին ու կիջեցնեին կարթը, ու նարնրջագույն կլեպը կբարձրանար ու կիջներ… կբարձրանար ու կիջներ….
    Մայրս տեսավ մատներս ու չթողեց դիմակահանդեսի գնամ: Ես կուչ եկա հյուրասենյակի բազկաթոռի մեջ, ոտքերս ծալեցի ու բռնեցի, ես սկսեցի լացել ու լացի մեջ ասել, որ մատներս հիվանդ են, որովհետև հայր չունեմ, պապիկ չունեմ, իսկ օրորոցում ինձ տեսած կինը չխեղդեց ինձ, որովհետև դու նրան հեռու էիր պահում օրորոցից: Նա կուզեր թույն դառնալ ու խլրտալ քո կրծքերի մեջ, որ երբ չորացած բերանովս բռնեի քո պտուկը ներս քաշեի նրան: 
    Մայրդ քո դժբախտությունն էր, մա: 
    Ես հիմա ստում եմ, ես ոչ մի բան էլ չասեցի ինձ օրորցում չխեղդած ձեռքերի մասին, լացը ուղղակի ծորում էր, իսկ ես գիտեյի մորս թույլ տեղը քո չլինելն է, ու ես լացելով վանկարկում էի՝ ձեռքերս հիվանդ են, որովհետև հայր չունեմ, որ հայր ունենայի, ձեռքերս առողջ կլինեին, ես հիվանդ ձեռքեր ունեմ, որովհետև ուրիշների երեխաները հայր ունեն, և ուրիշների մայրերը ամուսին:
   Ես այս վերջինն էլ չասեցի, որովհետև այդ ժամանակ մայրս կուչ կգար բազկաթոռի մեջ ու իմ պես գրկելով ոտքերը՝ կլացեր ու լացի միջից կասեր՝ ես կորցրի հորդ, հայրդ գնաց ու կորավ, ես կորցրի նրան, հասկանում ես, նա չկա, չկա… ու չի կարող լինել:
    Ու այդ ժամանակ լացս ավելի կսաստկանար, մատներս հիվանդությանը չէին դիմանա էլ, պապ:
Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել