Exclusive

«Ֆուլ հաուս» սիթքոմի չորրորդ եթերաշրջանն արդեն ավարտվել է, սակայն երկրպագուների համար մի շարք հարցեր դեռ անպատասխան են։  Արդեն 2 օր է՝ համացանցում ակտիվ քննարկվում է՝ մի՞թե սա վերջն էր։ BlogNews-ը խոսել է սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ։ Եվ այսպես, «Ֆուլ հաուսը» չի ավարտվել, ինչպե՞ս կարող էին հերոսների ճակատագրերն այսքան անորոշ մնալ։

Հոկտեմբերի սկզբին կմենկարկի «Ֆուլ հաուսի» հինգերորդ եթերաշրջանը։ «Մեր երկրպագուներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, մեր ամբողջ անձնակազմի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ 2 տարի է՝ մեզ հետ են ու այդքան մտահոգված են՝ նոր եթերաշրջան կլինի՞, թե՞ ոչ»,- ասաց Արմենը՝ հավելելով, որ դերասանական հիմնական կազմում փոփոխություն չի լինելու։

Բոլոր հերոսների կերպարային գծերը շարունակվելու են, հարցականի տակ են միայն Մարինկա Խաչատրյանի և Գևորգ Մարտիրոսյանի հերոսների կերպարային գծերը։ Արմենն առայժմ չի կարող ասել նաև նոր հերոսներ կավելանա՞ն, թե՞ ոչ։ «Ամեն ինչ կախված է սցենարային զարգացումներից։ Դեռ չեմ կարող բացահայտել սցենարական ոչ մի գաղտնիք, քանի որ այն դեռ մշակման փուլում է։ Դերասանական կազմի համալրման և կերպարային գծերի ավարտի մասին  կարող ենք խոսել օգոստոսից ոչ շուտ»,- նշեց պրոդյուսերը։

Որքան երկարում է սիթքոմը, այնքան ավելի պատասխանատու է դառնում չսպառվելու վտանգը։ «Ֆուլ հաուսի» անձնակազմն ամեն բան անելու է՝ նոր եթերաշրջանում է՛լ ավելի հետաքրքիր զարգացումներով հանդիսատեսին ներկայանալու համար։ 4 եթերաշրջանների ընթացքում «Ֆուլ հաուսը» պահպանել է բարձր վարկանիշը։

«Շատ հաճելի է, որ «Ֆուլ հաուսը» պահպանում է վարկանիշը արդեն 2 տարի։ Մեր հաջողության գրավականը միայն ճիշտ թիմային աշխատանքն է, անձնակազմի ընկերական և շատ մտերիմ հարաբերությունները։ Մենք ներսում տարաձայնություններ չունենք, ինչն արտացոլվում է աշխատանքում»,- եզրափակեց Մենչը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել