Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հայտարարությունը ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբելելու մասին

Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով:
Տեղեկության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ և հանգել հետևության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերևույթ պատկանում է ԼՂՀ պաշտպանության բանակի փոխգնդապետ, ՀՀ քաղաքացի 1982թ. ծնված Ալեքսան Առաքելյանին: Վերջինս անհետ կորել էր ապրիլի 2-ին՝ ԼՂՀ նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը (ագրեսիայի մասին մանրամասն տե՛ս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը): Ա.Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմն արցախյան իշխանություններին վերադարձրել են ապրիլի 10-ին:
Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնևի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը և ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները:
Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում և այն էլ հանրային տարածքում:
Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող և հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաև խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին:
Հայտնում ենք նաև, որ նկարագրված փաստը լինելու է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

16 հունիսի, 2016թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել